Ինչ է «քութեշ»-ը. Հայաստանում հիվանդության աճ է նկատվում, այն առավելապես դիտվում է 10 տարեկան երեխաների շրջանում

Առողջապահական գերատեսչության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է «քութեշ» կոչվող հիվանդության 162 դեպք, ինչը նշանակում է, որ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդության ցուցանիշը աճել է։

Այս հիվանդության ոչ այդքան հայտնի անունն ու բարձր ցուցանիշները հասարակության շրջանում անհանգստության տեղիք են տվել. ոմանց համար անհասկանալի է, թե ի՞նչ է դա ու ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել:

Ի՞նչ է «քութեշ»-ը

Այս հիվանդությունը նոր չէ և ոչ էլ նոր է տարածում գտել մեր երկրում։ Այն սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը արտահայտվում է ցանավորմամբ և նշիկաբորբով՝ անգինայով։ Տարածվում է օդակաթիլային ճանապարհով, կենցաղակոնտակտային առարկաների և սննդի միջոցով։

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ համաճարակաբանության վարչության բժիշկ Ռուբեն Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանում է․ «Քութեշը դիտվում է 0-18 տարեկանների շրջանում, առավելապես՝ մինչև 10 տարեկան երեխաների։ Դարեր շարունակ այն մեզ ուղեկցել է։ Ունի սեզոնայնություն (գարուն-աշուն ընկած ժամանակահատված), ինչպես բոլոր օդակաթիլային ճանապարհով տարածվող հիվանդությունները։ Ունենք նաև տարիների կտրվածքով սեզոնայնություն, այսինքն՝ 5-7 տարին մեկ այն կարող է տարածվել բարձր հիվանդացության ցուցանիշներով, քան մյուս տարիների է նկատվում»:

Վերջինս ընդգծում է՝ հունվար ամսվա աճը չի նշանակում, որ համաճարակաբանության առումով մեզ մոտ այժմ վտանգ կա։ Մասնագետը վստահեցնում է՝ համաճարակային վիճակը Հայաստանում կայուն է, հիվանդացության ցուցանիշները չնայած բարձր են, սակայն անհանգստացնող չեն. «Այս տարվա հունվարին ունեցել ենք հիվանդության 162 դեպք, 2023 թվականի դեկտեմբերին այդ թիվը եղել է 265, այսինքն՝ դեկտեմբեր ամսվա համեմատ ունենք նվազում»։

Թվերի բարձրացումը, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե փակ տարածքում կա վարակակիր, ապա այդ դեպքում մանրէների համար ստեղծվում է բարենպաստ պայման, ուստի դրանք սկսում են ախտահանել մեծ թվով մարդկանց։ Գրիգորյանը զգուշացնում է՝ մանկապարտեզում կամ դպրոցում վարակակիր երեխա ունենալու դեպքում պետք է անպայման ախտահանել տարածքը, խաղալիքները, որոնցով երեխան խաղացել է, ինչպես նաև՝ 2-3 անգամ օդափոխել սենյակը։

«Քութեշի ախտանշաններն են՝ ջերմություն, ցանավորում, գաղտնի շրջանի ախտանշանների դեպքում կարող է մեկ-երկու օր լինել ջերմությունը, մկանային ցավեր, փսխում, որից հետո նոր առաջանան այլ ախտանշաններ՝ ցանավորում դեմքի շրջանում, այտերի վրա, քիթ-շրթունքային եռանկյունին չի ցանավորվում, բայց գունատվում է, իրանի վրա կարող ենք տեսնել ցանավորում, ստորին ու վերին վերջույթներին, թևատակերին, ճակատային շրջանում ավելի խիտ ցանավորում, անգինա է լինում։ Նշիկների մեծացում, թարախակալում»,- մանրամասնում է նա:

Զրուցակցի խոսքով՝ քութեշը ունակ է առաջացնել նաև բարդություններ, ընդհուպ՝ մինչև ծանր, օրինակ, ժողովրդական լեզվով ասված՝ նշիկների քայքայում: Վաղ բարդացումներից է սրտամկանի բորբոքումը, ուշ բարդացման հետևանքով կարող է առաջանալ երիկամային խնդիր։ Եթե անձը չանցնի համապատասխան բուժում, հիվանդությունը պատճառ կդառնա մենինգիտի․ «Հիվանդության առկայության պայմաններում մասնագիտական խորհրդատվությունը պարտադիր է։ Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, ինքնաբուժությամբ զբաղվելով, ավելի են վատացնում իրավիճակը․ օգտագործում են չկանոնակարգված կերպով հակաբիոտիկներ, խմում ոչ ճիշտ ժամանակահատվածում։ Շատ դեպքերում ծնողների արձագանքից է կախված, թե երեխայի մոտ հիվանդությունը ինչ ընթացք կունենա։ Հիմա նկատում ենք, որ հասարակության մեջ ձևավորվել է այդ տենդենցը․ ավելի վաղ են դիմում բժշկի, անհանգստանում են առողջության համար»։

Մերի Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում