Տիկին Զոհրաբյանը մոռացել է 2010-ի վարչատարածքային բաժանման մասին տխրահռչակ օրենքը

Երեկ վաղ առավոտյան ընկերներիցս մեկը մտահոգված հաղորդագրություն գրեց․ «Ստյոպ բարև: Տավուշում սահմանին վիճակը վատ ա, թե ասեկոսեներ են?»… Մտահոգված պատասխանում եմ, որ վատ լուրեր չեմ ստացել, բարեբախտաբար, բայց կճշտեմ։ Զանգում եմ բոլոր ընկերներիս, բոլորը զարմացած պատասխանում են, որ արտառոց բան չկա, նույնն է, ինչ գիտեմ, եթե բան լիներ՝ իրենք կիմանային։ Նույն պատասխանը փոխանցում եմ մտահոգ ընկերոջս ու հարցնում, թե որտեղից էր տեղեկությունը։ Պատասխանում է, որ գրասենյակի աշխատողներից մեկն է ինչ-որ տեղ կարդացել, ու կարծես թե Նաիրա Զոհրաբյանն էլ Տավուշին վերաբերող գրառում է արել․․․
Այցելում եմ Նաիրա Զոհրաբյանի էջ ու տեսնում «Ինձանից քիչ ներքեւ ավարտվելու է Հայաստանը» վերնագրով լայվը՝ 1200 հավանում-լացուկոծ էմոջիներով, 20,000 դիտումով, 286 կիսումով․․․ Տպավորիչ թիվ է, անխոս․․․
Դիտում եմ Մակարավանքի բարձունքից նրա մենախոսություն-ահազանգը՝ եթե թողնենք Նիկոլն ու Ալիևը իրականացնեն պայմանավորվածը, ապա Հայաստանի սահմանն անցնելու է ինձանից մի փոքր ներքևով, Տավուշի 1/3-րդ ոտքի վրա «հանձնելով» ասում է Հայաստան-Ադրբեջան սահմանից շուրջ 2 տասնյակ կիլոմետր հեռավորությամբ դիրքավորված Զոհրաբյանը․․․
Որպես թե՛ Տավուշցի, թե՛ Հայաստանի քարտեզը բավական լավ իմացող մեկը, չեմ կարող չնկատել, որ իմ նախկին գործընկերը նախկին իշխանությունից, կներեք, խորությամբ տեղյակ չէ ոչ տարածքից, ոչ անգամ նրանից, որ Տավուշում 8 անկլավ չկա, անգամ Ալիևը չի ասել, որ Տավուշում 8 անկլավ է պահանջում․․․ Հավանաբար տեղացիներից մեկը ուղղակի հեռվում ցույց է տրվել Կայանի մոտ գտնվող Սոֆուլու-Բարխուդարլու լքված գյուղերը՝ 2 «անկլավներից» մեկը, ինքն էլ դրան ոգորված ավելացնում է Ոսկեպարը, տեղյակ չլինելով, որ կա 3 Ոսկեպար՝ վերին թուրք Ոսկեպարը (2-րդ անկլավը), ներքին թուրք Ոսկեպարը (միջդիրքային չեզոք, ականապատված գոտի է եղել միշտ) և վերջապես՝ հայկական Ոսկեպարը։ Ու քանի որ նախկին գործընկերս ակնհայտ ցուցադրում է իր անտեղյակությունը նաև այս ամենից՝ ու ոտքի վրա «8 անկլավների» կազմում բոլոր Ոսկեպարներով գումարում է Սոֆուլուին ու Բարխուդարլուին և հանձնում է Ալիևին /ավելի ստույգ ներկայացնում է դա Փաշինյան-Ալիև/ պայմանավորվածություն, այլ բան չի մնում, քան որ 1200 հոգին պատգամավորի հետ մի սուգուշիվան կազմեն Տավուշի մարզը Ալիևին նվիրելուց 5 րոպե պակաս․․․
Ու, կրկնում եմ, շատ տարօրինակ է, որ այս ամենը գոնե չի անում այդ գյուղերի մատույցներից, այլ բավական ստրատեգիական խորքում՝ Մակարավանքի բարձունքից, իր ամբողջ թիկունքը համարելով արդեն «հանձնելու» համար պայմանավորված, քանզի իր կանգնած տեղից մի փոքր ներքով անցնելու է մեր հայրենիքի նոր սահմանը․․․
Անկեղծ ասած՝ այս ամենի մասին չէի գրի, եթե ոչ միայն չնկատեի չիմացությունից եկող այս մանիպուլյացիաները, որոնք հանրության մեջ ներարկում են 8 անկլավի տեսությունը, կամ եթե Նաիրա Զոհրաբյանը գնար ու կանգներ այդ անկլավներից մեկի ու միջպետական ճանապարհի ուղիղ արանքում ապօրինի ու առանց իրավական հիմքի տեղակայված ռուսական կայազորի մոտ, հանդիպում խնդրեր այդ անհասկանալի ու մտահոգիչ կայազորի հրամանատարի հետ ու ինչպես Ալիևի վրա ջուր շփելու կադրում էր հոխորտում ասեր՝ «լսում ես արա, էս որ եկել ու ըստեղ ներդրվել եք, դա ես, իմ նախկին թիմն ենք Ազգային ժողովում մեր քվեարկությամբ արել 2013թ․ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանագրի կից արձանագրությամբ, որը Սերժ Սարգսյանը ստորագրեց Վլադիմիր Պուտինի հետ, ու եկել եմ պատասխան ստանամ՝ այստեղ էլ ե՞ք Ալիևի հարձակման ժամանակ դիտորդ լինելու ինչպես Արցախում եղաք 2023-ի սեպտեմբերի 23-ին, թե՞ կատարելու եք Հայաստանի սահմանների համատեղ պաշտպանության ձեր պայմանագրային պարտավորությունը, ինչպես մենք ենք այդ պայմանագրով այստեղ ու նման տեղերում ձեր սապոգի տեղը արել․․․» Առանց հեգնանքի, որպես այդ անվտանգային ճարտարապետությանը քվեարկած մեկը շատ բնական կլիներ, որ գնար ու փորձեր հասկանալ, թե ի՞նչ են նրանք այնտեղ անում ու ո՞րն է իրենց կարգավիճակը, եթե մենք «Պրահայում ճանաչել ենք Ալմա Աթիի հռչակագիրը, ինչպես Պուտինն ու Զախարովան են ասում», հետևաբար, այդտեղ կարծես թե ռուսական զորախմբի «ստատուսի փոփոխություն» չի կարող լինել․․․ Որովհետև դա ալիևյան գյուղերի կամ տավուշյան այդ հատվածի ճակատագրի համար առանցքային հարցերից մեկն է․․․․ Սա մի հարց է, որը, չթաքցնեմ, ես առաջադրել եմ նաև վարչապետի՝ փորձագետների հետ ամիսներ առաջվա մի հանդիպման ժամանակ՝ որպեսզի ՀՀ իշխանությունները ստանան դրա պատասխանը․․․
Ու քանի որ իշխանությունները դեռ ինձ/մեզ չեն հայտնել, թե ինչ պատասխան են ստացել, Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունները շատ հասկանալի կլինեին, եթե այդ պատասխանը ինքը ստանար, մանավանդ, որ իր քաղաքական թիմի կնքած պայմանագրի հիման վրա, և այո, ներկա իշխանությունների թողտվությամբ են ռուսները բազայավորվել այնտեղ․․․ Որովհետև, եթե Նաիրա Զոհրաբյանը նույնքան վարդագույն պատասխան բերի մեզ, որ ռուսական կայազորը պաշտպանելու է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը, ապա վերջ՝ կարելի է Փաշինյան-Ալիև «պայմանավորվածությունը» խափանված համարել և Մակարավանքի բարձունքերից առ Աստված աղոթնքների, առ Նիկոլ Փաշինյան անեծքների ու առ աշխարհ սուգուշիվանի անհրաժեշտություն չի լինի․․․
Եվ գիտե՞ք, թե որն է մյուս զավեշտը․ Նաիրա Զոհրաբյանը դեռ տեղյակ էլ չի ոչ միայն Ոսկեպար անվանումով երեք գյուղերի ու դրանց տարբեր «կարգավիճակների» մասին, այլ տեղյակ չէ, որ դեռ իրենց ժամանակ ու դրանից առաջ ՀՀ իշխանությունները հրաժարվում էին գրանցել Ոսկեպարի, Կիրանցի բազում բնակիչների անշարժ գույքեր, քանի որ իրենց պաշտոնական մերժումներով՝ դրանք Հայաստանի Հանրապետությունից դուրս են․․․ Կամ կրկին՝ տիկին Զոհրաբյանը մոռացել է 2010-ի վարչատարածքային բաժանման մասին տխրահռչակ օրենքը, որին միայն ես, Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը դեմ քվեարկեցինք, ու այդ օրենքով ձոր առ ձոր հենց իրենք էին սահմանում, թե որն է Ադրբեջանը, որն է Հայաստանը․․․
Չեմ ուզում կասկածի տակ դնել Նաիրա Զոհրաբյանի հայրենասիրությունը կամ Տավուշը պաշտպանելու մղումները, բայց չեմ էլ կարողանում հասկանալ Մակրավանքի բարձունքից ադրբեջանական նառատիվների սաստկացման նրա գիտակցված կամ էմոցիոնալ-հուզական պոռթկումը․․․ Առավել ևս, երբ ապակողմնորոշում ես հանրությանը, նրան մատնում սթրեսի ու հայրենակիցներն էլ մեկնաբանությունների դաշտում կամ սգում են, կամ ծնկներին տալիս, կամ տավուշցիներին կոչ անում պայքարել, կամ զարմանում, թե ինչու տավուշցիները չեն պայքարում․․․
Ես իհարկե, դեմ եմ Հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերանվանելու կեղծ ու արհեստական դիսկուրսին։ Բայց ստիպված եմ խոստովանել, որ այս դրվագից հետո գտնում եմ, որ պետությունը պետք է ներմուծի Հայաստանի աշխարհագրության առարկայի պարտադիր ուսուցում՝ նախկին թե ներկա պագամավորների, պաշտոնյաների համար, անկախ տարիքից ու սեռից, որպեսզի նրանք նախ Հայաստանի սահմանների տեղն իմանան, երկրորդը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի տեղերն իմանան, որպեսզի հանրային դիսկուրսում էլ թեկուզև լավ մղումներով ակամայից ու չգիտակցված չօգնեն Ալիևի նառատիվների ուժգնացմանը ու սեփական հասարակության ահաբեկմանը․․․ Դա պարտավոր են չանել․․․ Իսկ դրանից հետո կսիրեն Փաշինյանին թե կատեն, դա արդեն իրենց անձնական գործն է․․․
Քարտեզում նշված է Մակարավանքի տեղը, Նաիրա Զոհրաբյանի կանգնած տեղը, իսկ կարմիրով գծված է այն, ինչը լայվով տիկինը ոտքի վրա «հանձնեց» Ալիևին ու ծնկներին տվեց․․․
Այո, Հայաստանի, Տավուշի նկատմամբ վտանգը կա, դա անթաքույց է։ Ու ես անձամբ գնահատել ու գնահատելու եմ այդ ուղղությամբ ցանկացած մեծ ու փոքր դիմադրություն։ Բայց վտանգի դեմ գոնե կարելի է մի քիչ գրագետ պայքարել, մի քիչ կարդալ, ուսումնասիրել, ոչ թե այն դարձնել սեփական չիմացության քննություն, ու մի փոքր էլ պետք է խղճալ տարատեսակ պատերազմներից ու դրա հեռանկարներից վախեցած սեփական ժողովրդին՝ նրան խոսք ասելու ժամանակ․․․ Մանավանդ որ 10 տարուց ավելի էլ նույն երկրի համար օրենքներ գրողներից ու պայմանագրեր վավերացնողներից ես եղել․․․
Կիսվել սոց․ ցանցերում