«ՀՀԿ ներկայացուցիչ մեր գործընկերները վարչապետի՝ օրերս տված հարցազրույցը մեկնաբանում են որպես հրաժարում հայկականությունից, հայոց պատմությունից: Այս մասին այսօր ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի 2013թ. մարտի 18-ի հարցազրույցը, որի ժամանակ նա ասել է. «Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը. ես 10 րոպե հետո նրան կազատեմ աշխատանքից: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի. ես 10 րոպե հետո նրան կազատեմ աշխատանքից»:
«Պարոն Մամիջանյան, դուք ասում էիք, որ այն ժամանակ մենք ունեինք երկու պետություն, բա ինչու էր այդ ժամանակ նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանն ասում, թե ցանկացած իշխանականի, որը կհանդգնի ասել, որ պետք է ճանաչել ԼՂ անկախությունը, պետք է ազատել աշխատանքից, այն էլ 10 րոպե հետո»,- նշեց Ռուբինյանը:
Նա հարց բարձրացրեց. «Արդյոք Սերժ Սարգսյանի հայտարարությունը իշխանական ներկայացուցչի կողմից տարածքային պահանջներ չներկայացնելու մասին նշանակո՞ւմ էր, որ Սերժ Սարգսյանն առաջարկում էր զորացրել մեր բանակը, բեղեր պահել, ֆես դնել, մարդկանց անունները փոխել՝ Իբրահիմ, Սայիդ:
Անդրադառնալով Աննա Մկրտչյանի հայտարարությանը՝ իշխանազավթման մասին, Ռուբեն Ռուբինյանը ասաց. «Վերջին անգամ Ազգային ժողովը ձևավորվել է ժողովրդավարական, չկեղծված, չվիճարկված ընտրություններով, եթե կեղծված էին, դուք այստեղ ի՞նչ գործ ունեք, գնացեք այստեղից: Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Սերժ Սարգսյանի, այդ թվում հորդորով՝ արված իր Հանրապետական խմբակցությանը, որի մի մասը իրեն քվեարկել էր. իշխանազավթմա՞ն էին մասնակցում, թե՞ նկատի ունեք, որ հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանից զավթեց իշխանությունը: Եթե դա նկատի ունեք, գուցեև ճիշտ եք»:
