ՀՀ կառավարության վաղվա նիստում ներառված հարցերից է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն ցույց տալու մասին հարցը։
Civic.am-ը ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծից տեղեկացավ, որ աջակցություն կստանան «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հանրապետություն»-ը, «Հայաստան» դաշինքը։
Մասնավորապես, ՔՊ-ին պետական բյուջեից կհատկացվի 268 մլն 309 հազար 900 դրամ, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 38 միլիոն 758 հազար դրամ, ԲՀԿ-ին՝ 50 միլիոն 444 հազար դրամ, «Հայաստան դաշինք»-ին՝ 163 միլիոն 221 հազար 800 դրամ։
Ընդհանուր՝ 520 մլն 733 հազար 700 դրամ։
Նշենք, որ նախորդ տարիներին, մասնավորապես՝ 2023 թվականին, նույնպես նույնքան գումար էր հատկացրել կուսակցություններին։
Հավելենք, որ գումարը հատկացվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։
Ըստ օրենքի՝ պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երեք տոկոսը:
Հ․Մ․
