Ինչո՞ւ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Ղարաբաղյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի վերջին հրաժեշտը Օպերայի և բալետի թատրոնում չի կազմակերպվելու։
Հարցին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ինչո՞ւ եք ընդհանրապես այդպիսի հարց բարձրացնում։ Եթե իմ դիրքորոշումն եք ուզում՝ որպես ԿԳՄՍ նախարարի, ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել նման բաներից, ես չեմ կարծում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Գագիկ Գինոսյանի մահվան մասին հայտնի դարձավ փետրվարի 6-ին: Նա 58 տարեկան էր: Մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:
Վերջինիս հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու այսօր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին՝ Կամերային երաժշտության տանը:
Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հաշվի առնելով նրա մարտական ուղին:
