Ակադեմիական գրականության մեջ նույնպես հանդիպում ենք Հայաստանի պատմություն և աշխարհագրություն տերմիններին. փորձագետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու մասին նախագիծն արդեն շաբաթներ շարունակ քննադատությունների կիզակետում է։

Դրա վերաբերյալ հնչում են թե՛ դրական և թե՛ բացասական գնահատականներ: Համացանցում անգամ տեղեկություններ են շրջանառվում, որ որոշ դպրոցներ պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել: «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, սակայն, հավանական չի համարում շրջանառվող այս տեղեկությունները։ Վերջինս վստահ է, որ բոլոր դեպքերում ուսուցիչները կշարունակեն դպրոցներում իրականացնել իրենց աշխատանքն այնպես, ինչպես կարգն է։

«Ճիշտ կլինի, որ դպրոցը միշտ իր բոլոր նկարագրերի մեջ ցուցադրվի որպես հասարակության ապահով միջավայր, որտեղ միայն երեխաների կրթությունն են իրականացնում։ Մնացած քննարկումների համար առանձին վայրեր կան, ու եթե նման ցանկություն ունեն, պետք է այդ վայրերում անեն քայլերը։ Դպրոցն այդպես էլ պետք է աշխատի՝ երեխային կրթություն տալով։ Բարձրաձայնվող հարցերը կրթական խնդիրներ չեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Թորոսյանը նկատում է՝ դպրոցը պետք է հեռու պահել նույնիսկ քաղաքականությունից, այդ ամենին կարող են նպաստել կրթության որակի փոփոխությունները, որի քայլերից մեկն էլ վերաբերում է նոր չափորոշիչներին․ կրթական նոր չափորոշիչների հիման վրա է պատմության դասագրքի անվանումը վերանայվելու․ «Խնդիրները առաջանում են կրթության պակասից, ժամանակ է պետք, որ դրանց լուծումներ տրվեն։ Շատ հաճախ նաև մեդիագրագիտության խնդիր ունենք․ հիմա առարկայի անվանափոխման վերաբերյալ տարբեր կարծիքներ կան հասարակության մեջ, բայց մարդը պետք է սովորի ինֆորմացիան ստանալ միայն վստահելի աղբյուրից, տարբեր կարծիքներն ու մեկնաբանությունները հանգեցնում են այսպիսի սխալ տեղեկությունների տարածման ու սխալ եզրակացությունների։ Անախորժություններ են առաջանում»։

Սրան զուգահեռ, զրուցակիցը պարզաբանում է՝ հանրակրթության պետական չափորոշիչներում կա առարկայի ցանկի ձևավորման կարգ, ըստ որի՝ հայրենագիտությունն ու հասարակագիտություն բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրերի 5-6-րդ և հետո 7-12-րդ դասարաններում առանձին առարկաների տեսքով ներկայացվում են հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները արտացոլող առարկաներով:

«Այստեղից բխում է, որ 5-6-րդ և հետո 7-12-րդ դասարաններում մենք ուսումնասիրում ենք Հայաստանի աշխարհագրություն առարկան, ուստի զարմանալի բան չի կարող լինել, երբ ասում ենք, որ ուսումնասիրելու ենք Հայաստանի պատմության առարկան։ Այսինքն՝ փոխվում են միայն անունները և որոշակի խորհուրդ են պարունակում. պետականության պահպանման և դրա նկատմամբ հատուկ դիրքորոշում ու վերաբերմունք ունենալն են ընդգծում։ Առակայի ծրագիրը չի ենթարկվում փոփոխության, մնում է այնպես, ինչպես կա։ Ուստի անհասկանալի է քննարկել բովանդակության փոփոխության հարցը ևս»,- նշում է զրուցակիցը:

Ըստ նրա՝ թե՛ «Հայոց պատմություն» դասագրքի անվանմանը վերաբերող քննադատությունները, թե՛ դպրոցների բունտ անելու մասին տեղեկությունները որևէ կապ չունեն կրթության հետ և չեն կարող կրթական խնդիրներ լինել։ Որպես կրթության ոլորտի ներկայացուցիչ՝ Թորոսյանը հետևել է դասագրքի անվանափոխման նախագծի հանրային քննարկումներին, ասում է՝ կան գիտական հիմնավորումներ, բայց դրանց կողքին երևում են վիրավորանքներ, անպատվություններ, որոնք էթիկայի սահմաններն անցնում են։ Նա նկատում է՝ եթե ցանկություն կա քննարկել որևէ հարց, ապա սկզբում ձևավորվում է գիտական հարթակ, ու կրթության տիրույթի շրջանակներում կազմակերպվում են այդ քննարկումները։

«Ակադեմիական գրականության մեջ թեկուզ ոչ հայերեն տպագրված, այլ լեզուններով գրականությունում մենք նույնպես հանդիպում ենք Հայաստանի պատմություն, Հայաստանի աշխարհագրություն տերմիններին։ Մեր խնդիրը դա պետք է լինի՝ այս կամ այն տերմինը շատ հստակ ու կարևոր ուղերձներով ներկայացնել երեխաներին։ Մինչ 2018 թվականն էլ շատ բուռն քննարկվում էին պատմության դասագրքի թեմանները, որտեղ շատ ծավալով թվեր ու տերմիններ կային, որոնք պահանջում էին պարզեցնել, որպեսզի երեխայի համար հեշտ լինի, չգիտես ինչու դրա մասին այժմ բոլորը մոռացել են։ Բայց մենք մոռանում ենք, որ գիտելիքին զուգահեռ պետք է երեխաների մոտ զարգացնել որոշակի դիրքորոշում, արժեքային  համակարգ, որոնք նրանք կառաջնորդեն»,- ասում է նա։

ԿԶՆԱԿ-ի տնօրենի խոսքով՝ նոր չափորոշիչները ուսուցչից պահանջում են միայն նոր մոտեցումներ, հմտությունների ու կարողությունների զարգացում, որին պետք է ավելի երկար ժամանակ հատկացնել, բավականին էներգիա ունենալ դասին նախապատրաստվելու համար։ Ուսուցիչն այդ աշխատանքը անելու համար օրվա մեջ երկար ժամանակ պետք է ծախսի:

«Ուսուցիչներն ասում են, որ չափորոշիչների աշխատանքի օգտակարությունը տեսնում են, բայց քիչ են վարձատրվում, մինչդեռ Կառավարությանը ներկայացվել է աշխատավարձերի բարձրացման հարցը։ Այստեղ խնդիրն այն է, որ տարիների ընթացքում դասավանդելով, օրինակ, միայն 5-6-րդ դասարանի ծրագրերը, ուսուցիչը կենտրոնանում է դրանց վրա և երկար ժամանակ չկիրառելով այլ ծրագրեր, հետագայում կամավոր ատեստավորման քննության ժամանակ դժգոհություններ է ունենում։ Սակայն առարկայի մասնագետը մնում է առարկայի մասնագետ։ Ուսուցիչը պետք է կարողանա հաղթահարել յուրաքանչյուր աշխատանք, տարիների ընթացքում կրկնել ու կիրառել ծրագրերը։ Հիմա նման փոփոխություններից էլ սա է, որ պետք է ընդունել»,- մանրամասնում է մասնագետը:

Համակարգը զարգանում ու առաջ է գնում, համոզված է Թորոսյանը։ Նա չի բացառում, որ կրթության ոլորտի աշխատանքներում կան թերություններ ու դժգոհություններ, բայց դրանք հաղթահարվում են, իսկ կրթության մարդիկ էլ՝ շարունակում զբաղվել կրթության զարգացմամբ։

Մերի Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում