«Թաքցված հարկերը քաղաքական նպատակահարմարությամբ ստուգելուց» մինչև «Հարկ վճարող հերпս»․ վերջին առնվազն 20 տարվա հայաստանյան խրոնոլոգիան

«2023 թվականը նույնպես փակում ենք բարձր տնտեսական աճով և նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք 2023 թվականին աշխատել են, ստեղծագործել աշխատանքի մեջ, ավելացված արժեք ստեղծել և վճարել օրենքով նախատեսված հարկերը: ․․․ Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող այդ մարդիկ արժանի են գովասանքի ու շնորհակալության, և հույս ունեմ, որ 2024 թվականի բերած ջերմեռանդությունը նոր լիցք, նոր ուժ, նոր գաղափարներ կհաղորդի նրանց»: Մեջբերումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձից է։

Այսօր էլ գործադիրի ղեկավարն իր ֆեյսբուքյան   էջում «Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոս» է համարել աշխատող և հարկ վճարող քաղաքացուն։ Հարկ վճարողին «հերոսացնելու» վարչապետի ուղերձը, նկատենք, ոչ համարժեք է ընկալվել հանրության որոշակի խմբերի կողմից և նույնիսկ «տարօրինակ» որակվել այն պարզ պատճառով, որ «հարկ վճարելը հերոսություն չէ, այլ
պարտավորություն, որը սահմանված է ՀՀ գործող օրենքներով»։  Հետևապես, պետության նկատմամբ իր  պարտավորությունը կտարող քաղաքացուն հերոսացնելը արժեզրկում է հերոսացման գործընթացը։

Հարցը դիտարկենք հետևյալ հարցադրման համատեքստում՝ արդյո՞ք մեզանում առկա են եղել հարկերը ժամանակին և ամբողջությամբ վճարելու, պետությունից հարկեր չթացքնելու, ստվերային բիզնես գործունեություն չծավալելու, հարկային տարատեսակ զեղծարարություններից զերծ մնալու, կարճ ասած՝ բարեխիղճ հարկատու լինելու  ավանդույթներ և «կուլտուրա»։ Եթե այո, ապա հարկ վճարելը, իսկապես, ավանդույթի ուժ ստացած  վարքագիծ պետք է լիներ, «կոմունալները» վճարելու պես մի բան, և դրանում հերոսականություն որոնելն ու հերոսանալը, իսկապես, արտառոց է, եթե չասենք՝ անհեթեթ։

Թերևս անվիճելի է, որ հարկեր վճարելու՝ հնուց ավանդված «կուլտուրան»  «հարկեր թաքցնելու 100 ազնիվ ձև»-ի մասին էին, ինչի վկայությունը «ստվերի» և «բոլոր հարկատուները հավասար են օրենքի առջև»-ի մասին՝ նախկին ռեժիմի օրոք  ամենաբարձր օղակից իջեցվող  հրովարտակներն  էին, որոնք այդպես էլ խոսքից գործի չէին վերածվում։

Ռոբերտ Քոչարյանը, օրինակ,  որի պաշտոնավարման տարիները գործարարներից  շատերի վկայությամբ,  «հարկային բեսպրեդելն» իր կատարելությանը հասավ,  2007-ին կայացած խորհրդակցության ժամանակ խրոխտ ազդարարել էր՝ որևէ գործարար Հայաստանում չպետք է ունենա արտոնյալ պայմաններ։ Ռոբերտ Քոչարյանը շեշտել էր նաև, որ Հարկային պետական ծառայությունը «պետք է վճռականություն ցուցաբերի և վարչարարության կատարելագործման ու խստացման ճանապարհով կատարի այս տարվա բոլոր առաջադրանքները»:

Նա մտահոգություն էր հայտնել առկա անբավարար հարկային վարչարարության, պատշաճ հսկողության բացակայության, օրենսդրական դաշտի անկատարության և պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչության փաստերի վերաբերյալ:

Քոչարյանը նշել էր նաև, որ «առկա խնդիրներին լուծում տալու համար այսօր անհրաժեշտություն կա կիրառել գործողությունների համալիր ծրագիր, որը թույլ կտա փակել սողանցքները անբարեխիղճ հարկատուների համար, նաև արագորեն հասնել զգալի արդյունքի` կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարի առումով»: Այս անհուսադրող «դիագնոզը», նկատենք, Քոչարյանը տվել է իր պաշտոնավարման ավարտին 10-նամյակի ավարտին, փաստորեն, իր հաջորդին փոխանցելով «կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ» պայքարում ոչ թե տպավորիչ արդյունքներ արձանագրած, այլ մի շարք «հիվանդություններով» տառապող հարկային համակարգ։

«Որևէ մեկը հարկային դաշտից դուրս չպետք է լինի`անկախ դիրքից, պաշտոնից, հարաբերություններից»՝ սա էլ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Սերժ Սարգսյանի հրովարտակն էր՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի հետ հանդիպման ժամանակ: Նախքան այդ էլ, Սարգսյանը, աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ և ազդարարել՝ «հարկային պետական ծառայությունը պետք է համապատասխանի իր անվանն ու էությանը»՝ հավելելով․ «Պետք է գիտակցենք, որ հարկահավաքությունն արդեն միգուցե ոչ թե նույնիսկ 20-րդ, այլ`19-րդ դարի երևույթ է: Չպետք է առաջնորդվենք այն գիտակցությամբ, թե բոլորն ուզում են հարկերը թաքցնել, իսկ մենք` իշխանության ներկայացուցիչներս, եկել ու ասում ենք, թե ինչու հարկերը չեք վճարում: Մենք պետք է հասկանանք, որ բիզնեսի գործընկեր ենք, եթե կոպիտ ասելու լինենք, փայատեր ենք և մեր բաժինը հարկերն են: Պետք է շահագրգռված լինենք, որպեսզի բիզնեսն աճի և դրան զուգահեռ մեր բաժինը արժևորվի, ինչը հնարավորություն կտա պետական բյուջեն վերաբաշխել»։ Ինչպես ասում են՝ կամենալը դեռ կարենալը չէ, և բարեխիղճ հարկատու լինելու մասին ճոխ ելույթները դեռևս երաշխիք չեն, որ հարկային վարչարարությունը իրականացվելու է հավուր պատշաճի։

Ի դեպ, ստվերից դուրս գալու, հարկերը չթաքցնելու հորդորներից զատ՝ հարկային վարչարարությունը որպես «մամլիչ» էր գործադրվում մասնավորապես քաղաքական ախոյաններին ու ըմբոստներին վախեցնել-լռեցնելու համար։ Փույթ չէ, որ նրանցից ոմանց հետ իշխանական էլիտան «փայատեր» էր։

Հիշեցնենք, որ 2009 թվականին «Բջնի» հանքային ջրերի գործարանը կրկնաճուրդով գնեց գործարար Ռուբեն Հայրապետյանը: «Բջնի» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը շատերը «քաղաքական հալածանք» էին որակում, քանի որ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Այն, որ Սերժ Սարգսյանն իրենից խլել է հիշյալ գործարանը, վկայել էր նաև Խ․Սուքիասյանը։

2015-ին  էլ, երբ մեկ այլ գործարար-պատգամավոր Գագիկ Ծառուկյանը որոշել էր ի ցույց դնել իր իշխանական հավակնություններն ու «բուժուադեմոկրատական հեղափոխություն» անել, Սերժ Սարգսյանն իր աղմկահարույց ելույթում «հարկային գիլիոտինով»  սպառնաց իր կոալիցիոն երբեմնի գործընկերոջը։ Թե․ «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»։

Փաստորեն, «տարիներ ի վեր չստուգված» լուրերի իսկությունը՝ միլիարդավոր դրամ հարկերի մասին, Սարգսյանը որոշեց ստուգել միայն ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ինչ երաշխիք, որ այսպիսի շատ լուրեր են նրան հասել, սակայն նա դրանք չի ստուգել, քանի որ միլիարդավոր դրամներ կազմող  հարկեր թաքցնող այդ սուբյեկտները չեն հատել քաղաքական կարմիր գծերը ու «ստվերում» են մնացել՝ ի պատասխան իրենց առատաձեռնության և հնազանդության։

Սերժ Սարգսյանի հրահանգով Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում, հիշեցնենք,  ֆիննախը ստուգումներ սկսեց, նախարարն էլ այդ ժամանակ Գագիկ Խաչատրյանն  էր, ՀՀ հարուստ մարդկանցից մեկը, որն այժմ ապօրինի գույքի բռնագանձման գործով պատասխանող է։

Հ․ Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում