ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) արձագանքը Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ապշեցուցիչ է:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախորովանէ կասկածի տակ դնելով վերջիններիս հայտարարությունները:
«Ես ուղղակի ապշած էի՝ ցնցված ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների մոնիտորինգի գրասենյակի արձագանքից: Ես մի հարց ունեմ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին: Նրանք որևէ բան լսե՞լ են պետության համար կրիտիկական պահին հասարակության կոնսոլիդացիայի հայեցակարգի մասին։
Կարծում եմ, նրանք ոչինչ չեն լսել: Իսկ եթե նրանք ոչինչ չեն լսել, նշանակում է, որ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է հետևել ընտրություններին»,-ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ զեկույցը Պետական ինքնիշխանության պաշտպանության և Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունը կանխելու Դաշնային խորհրդի հանձնաժողովի նիստում։
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ դիտորդական առաքելության նախնական եզրակացության մեջ ասվում էր, որ Ադրբեջանում փետրվարի 7-ին տեղի ունեցած ընտրություններին ընդառաջ բազմակարծություն չկար, քննադատական ձայներն անընդհատ ճնշվում էին։
ԵԱՀԿ-ի նախորդ առաջարկությունները՝ Ադրբեջանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ, չեն ընդունվել, նախընտրական քարոզարշավը հանրային նշանակալի մասնակցություն չի ունեցել և մրցակցային չի եղել, քանի որ վեց թեկնածուներն էլ չեն կարողացել մարտահրավեր նետել գործող նախագահի քաղաքականությանը: Սրա հետևանքով ընտրողները իրական այլընտրանք չեն ունեցել:
