Ի՞նչ է ասում Փաշինյանը, երբ ասում է, որ ինքը չէ ձերբակալության հարց լուծողը

Մի փոքր ծավալուն կարծիքս.
Ասում են, թե Փաշինյանը հստակ չպատասխանեց՝ Պուտինին Երեւանում կձերբակալե՞ն, թե՞ ոչ:
Իսկ ինչու՞ պետք է հստակ պատասխանի: Ու՞մ է հետաքրքիր այդ պատասխանը: Նրանց, ում հետաքրքիր է, իրենց լրագրողի միջոցով բարձրաձայնել են հարցը, այն էլ մի քանի փորձով՝ «ի՞նչ ես ասում, հիմա ձերբակակելու ե՞ք, թե՞ ոչ»:
Ուրիշ ոչ մեկին այդ հարցի պատասխանը հետաքրքիր չէ: Այդ մասով Փաշինյանն ասաց այն, ինչ պետք էր, եւ նրա պատասխանը լայն լսարանին ուղղված չէր, այլ՝ մի կողմից Պուտինին, մյուս կողմից՝ հարցի «պատվիրատուներին»:
Իսկ ինչու՞ է դա նրանց հետաքրքրում: Եթե Փաշինյանն ասում է՝ այո, ապա այդ պայմաններում խնդիրը լոկ Պուտինի գալ-չգալը չէ, այլ ըստ էության նաեւ Փաշինյանի գնալը: Երբ ասում ես, որ պատրաստ ես ձերբակալել, ուրեմն համաձայն ես, որ նա միջազգային հանցագործ է: Այդ դեպքում էլ ինչպե՞ս ես գնում ու սեղմում այդ հանցագործի ձեռքը նույնիսկ Մոսկվայում, Պետերբուրգում կամ այլ քաղաքում: Ահա, թե ինչու՞ են Արեւմուտքում Փաշինյանից ակնկալում այո:
Իսկ, եթե Փաշինյանը ասում է ոչ՝ չեմ ձերբակալի Պուտինին, նա կարող է հանգիստ գալ, այդ դեպքում հետեւելու է արեւմտյան հետեւյալ ռեակցիան՝ ահաա, ուրեմն քո մնացյալ ամեն ինչ պարզապես ձեւականություն է, քանի որ սկզբունքային հարցոււմ դու «երդվում» ես Պուտինին:
Ի՞նչ է ասում Փաշինյանը, երբ ասում է, որ ինքը չէ ձերբակալության հարց լուծողը, որովհետեւ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իսկ ժողովրդավարական երկրում ամեն ինստիտուտ ունի իր իրավասությունը: «Թարգմանաբար», Փաշինյանը ըստ էության ասում է բրիտանացիներին՝ եթե դուք ժողովրդավար եք, ինձ ինչու՞ եք տալիս այդ հարցը: Ձեր երկրում Սունակն է՞ որոշում ում բռնել, ում՝ ոչ: Բա ինչու՞ եք մեր երկրի մասով ինձ տալիս այդ հարցը:
Մյուսին, Պուտինին, Փաշինյանն ըստ էության ասում է՝ նա չունի իմ խորհրդի կարիքը: Այլ կերպ ասած՝ «թարգմանաբար», Վլադիմիր Վլադիմիրի, դու ինքդ ես միանգամայն գիտակցված որոշել կրակի վրա դնել ու եփել այն «բորշչը», որի հանգրվաններից մեկն էլ Հաագայի որոշումն է, ու հազիվ թե գազօջախը վառելիս հույսդ դրել էիր ինձ վրա, բայց տես՝ ես առնվազն չեմ հայտարարում, թե չգաս Հայաստան:
Իսկ Պուտինը Հայաստան գալու որեւէ մտադրություն չունի էլ, որ մի հատ էլ սպասի Փաշինյանի այո-ին կամ ոչ-ին: Գա Հայաստան, որ ի՞նչ անի, ինչպես կասեր «դասականը»:
Կիսվել սոց․ ցանցերում