Գյումրու ավագանին նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այսօր Ներքին Հանդում զոհված հայ զինծառայողների:
Օրակարգային հարցերի քննարկումը, սակայն, սահուն չընթացավ:
Մասնավորապես լեզվակռիվ ծավալվեց ավագանու՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու հարցի շուրջ:
Գյումրու 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսերը ավելացել են 769 միլիոն 592 հազար 500 դրամով: Արդյունքում 2024-ի բյուջեն 5 միլիարդ 883 միլիոն 701 հազար 900 դրամից դարձել է 6 միլիարդ 335 միլիոն 812 հազար 800 դրամ:
Գյումրու ավագանու անդամ, նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը խնդրեց պարզաբանել, թե ինչպես է հնարավոր, որ բյուջեի հաստատումից 10 օր հետո նման փոփոխություն առաջանա:
«10 օրվա տարբերությամբ մուտքերն ավելացել են մոտ 300 մլն դրամով, ի՞նչ հիմքով»,- հարցրեց Պապիկյանը:
Զեկուցողն ասաց, որ հիմքեր կան, որոնք ավագանու նիստից հետո կարող են ներկայացնել:
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ նկատեց՝ ինչպես պետք է ավագանին քվեարկի մի նախագծի համար, որտեղ անճշտություններ կան, և դրանք առաջարկվում է քննարկել ավագանու նիստից հետո:
«Այո՛, մենք պատրաստ ենք քննարկելու նիստից հետո, բայց այս նախագիծը պետք է դուրս գա օրակարգից, որովհետև պետք էհիմնավորենք, թե 10 օրվա կտրվածքով ինչպես են նախատեսվող եկամուտներն ավելացել 300 միլիոնով: Եթե Ձեր բաժինը, կամ համապատասխան մասնագետները դա չեն տեսել, կամ հետո են հայտնաբերել, կարծում եմ՝ պետք է պատասխանատվություն կրեն դրա համար: Եթե սա միտումնավոր եք արել, էլի պետք է բացատրություն տաք՝ ինչու: Առաջարկում եմ նախագիծը հանենք, քննարկենք մանրամասն, նոր բերենք քվեարկության»,- ասաց Հարությունյանը:
Հարց տալու իր իրավունքից արդեն օգտված Արթուր Պապիկյանին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը թույլ չտվեց նոր հարց տալ, նաև տեղից խոսել, ինչը լեզվակռվի առիթ դարձավ: Այնուամենայնիվ, Պապիկյանը ընդգծեց, որ անհասկանալի է, թե ինչու է փաստաթղթում ծախսը 915 միլիոն, բայց ներկայացվում է 769 միլիոն:

«Պարո՛ն Պապիկյան, չի կարելի տեղից խոսել, հարգեք ավագանու ինստիտուտը, հարգեք գյումրեցիներին, հարգեք բոլորին: Դուք մեկ անգամ կարող էք հարց տալ, արդեն տվել եք»,- Արթուր Պապիկյանին ևս մեկ անգամ զգուշացրեց քաղաքապետը:
«Ռեպլիկների դաշտ մի մտեք, ես գիտեմ՝ ինչքան եմ խոսում: Դուք էլ Ձեզ կոռեկտ պահեք, որ կոնֆլիկտի չգնանք»,- հակադարձեց Պապիկյանը:
Քնարիկ Հարությունյանն էլ նկատեց՝ հարցեր են տրվում, քանի որ լիարժեք պատասխաններ չեն ստացվում:
«Պարո՛ն Սամսոնյան, 3-րդ անգամ նույն հարցը տալիս ենք ու պատասխան չենք ստանում: Այդպես էլ պատկերացում չկազմեցինք, թե 10 օրվա ընթացքում եկամուտներն ինչպես են 300 միլիոնով ավելանում, ինչ հիմքով: Պնդում եմ առաջարկս, որ քննարկենք, հասկանանք նրբությունները, քանի որ սա ճիշտ կլիներ, եթե բյուջեն դեկտեմբերին հաստատված լիներ, բայց մենք հունվարի 12-ին ենք հաստատել, և 10 օրում այս թվերի տարբերությունը պետք է շատ հիմնավոր բացատրվի, որ հասկանանք՝ ինչի համար ենք քվեարկում: Այստեղ յուրաքանչյուրն իր քվեարկության ուղիղ պատասխանատուն է, իսկ շատ փնթի ձևով գրված փաստաթղթին քվեարկելը, կարծում եմ, ճիշտ չէ: Խոսում ենք ավագանու ինստիտուտի, հարգանքի մասին: Դուք մեզ չեք հարգում, որովհետև այսպիսի փաստաթուղթ եք ամեն անգամ բերում և հրամցնում մեզ»,- ասաց նա:
Սամսոնյանն էլ ասաց՝ փնթի բառը տեղին չէ:
Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց ձայների 16 կողմ, 8 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
