ՏԵՍԱՆՅՈՒԹ․Գյուղեր, որ գնում էինք, ասում էին՝ տուն է պետք՝ ամուսնանանք, հիմա կա, ամուսնացե՛ք, ժողովուրդ ջան. վարչապետ

Կառավարության նիստի օրակարգում է նախագիծ, որով առաջարկվում է երկարաձգել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագիրը մեկ տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց՝ մինչ այս ստացվել և հաստատվել է 412 շահառուի հայտ, որոնք գտնվում են շինարարության տարբեր փուլերում. «Պոտենցիալ շահառուների թիվը այս պահին շատ ավելի մեծ է, քան 412-ը: Ծրագրի իրականացման համար կա սահմանամերձ գյուղերի՝ շուրջ 80 գյուղական բնակավայրերի ցանկ: Ըստ ծրագրի՝ պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 միլիոն դրամի կառուցապատման հիփոթեքի մայր գումարն ու առաջացող տոկոսագումարը»:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ ինչ են ուզում շահառուներից, որ նրանք ունենան հող սահմանամերձ բնակավայրում, ամուսնության վկայական, և ամուսիններից մեկը պարտադիր լինի ՀՀ քաղաքացի, շինթույլտվություն և նախագիծ, որից հետո այդ փաթեթով գնում են բանկ, բանկը որոշում է կայացնում:

«Չենք կարող ասել՝ ով փող է ուզում՝ եկեք տանք, որովհետև ծրագիրը նպատակային է, պետք է երաշխիք լինի, որ այն ծառայելու է նպատակին: Մենք 10 տարի օտարման սահմանափակում էլ ունենք, այսինքն՝ տունը տասը տարի հնարավոր չի լինի վաճառել: Հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է ամուսնության վկայական պահանջվում այդ ծրագրի համար, ես դա ի գիտություն եմ ընդունել, բայց հետո, երբ որ քննարկել ենք, հասկացել ենք, որ արդարացի պահանջ է, որովհետև այս ծրագիրը ինչի՞ է առաջացել, որովհետև գյուղեր գնում էինք՝ ասում էին՝ երիտասարդներն ուզում են ամուսնանալ, ո՛չ տուն կա, ո՛չ տուն կառուցելու հնարավորություն, որովհետև բանկերը հիփոթեք չեն տալիս: Բա ամուսնության պահանջն ինչի՞ համար է, որովհետև ի սկզբանե դուք եք ասել՝ տուն է պետք, որ ամուսնանանք: Հիմա տունը կա՝ ամուսնացե՛ք, ժողովուրդ ջան, արդարացի է»,- նկատեց Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում