Կառավարությունն այսօր որոշման նախագծով ՀՀ ԱԳ նախարարությանը հատկացրեց գումար՝ վճարելու համար Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի կանխավճարը։
Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանի խոսքով՝ գործարքի գումարը ընդհանուր առմամբ կազմում է 23 միլիոն եվրո, իսկ կանխավճարը՝ 2 միլիոն 300 հազար։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայիս շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց օգտագործման պայմանով տրամադրվել է 1995 թվականին։
«Որտեղ հիմա գտնվում է շենքը, դեսպանության պայմանագիրը ավարտվելու է 2025 թվականին, և քանի որ այդ ընդլայնման պատճառով դեսպանությունում հիմա տեղակայված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում և Ֆրանկոֆոնիայում մեր մշտական ներկայացուցչությունը և ավելացել է նաև ռազմական կցորդի գրասենյակը, անձնակազմը ընդլայնվել է, ներկայիս պայմանները անկնհայտորեն չեն բավարարում անհրաժեշտ պայմաններին։ Դեսպանությունը տևական ժամանակ է՝ զբաղվում էր այս հարցով, քննարկվել են երեք տասնյակից ավելի տարբերակներ, ընտրվել է դրանցից մեկը։ Շենքը լոգիստիկ առավելություններ ունի, հարմարավետ է և գործառույթային տեսանկյունից նպատակահարմար։ Անվտանգության տեսանկյունից էլ է ավելի բարելավված պայմաններով»,- նշեց նա։
ՀՀ վարչապետն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց նրանց, որոնք դեսպանության ներկայիս շենքը տրամադրել են ՀՀ-ին, սակայն Հայաստանը պետք է սկսի ու շարունակի ձեռք բերել դեսպանատների համար անհրաժեշտ ու պատշաճ շենքեր, որոնք նաև հարիր կլինեն այն իմիջին, որն ուզում է ՀՀ-ն։
«Վերջերս դեսպանատան շենք ձեռք բերեցինք Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնում, շատ պատշաճ շենք է։ Հերթականությունը քաղաքական իմաստ չունի, նախ պետք է հարմար տեղում գտնել հարմար տարբերակ և պայմանավորվածություն ձեռք բերել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որովհետև նրանց վճարած հարկերի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք այսպիսի ձեռքբերումներ անել Հայաստանի Հանրապետության համար»,- ընդգծեց վարչապետը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
