«Լրատվական այդ կայքի ցածրորակ, բամբասանքների վրա հիմնված գործունեությունը հաշվի առնելով՝ զարմանալի չէր կարդալ հերթական հերյուրանքը»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, թե համալսարանի ֆինանսների հաշվին խնջույք է կազմակերպել՝ նշելու համար որդու ծնունդը։
Հովհաննիսյանը ԵՊՀ հեղինակության արատավորումը թույլ չտալու նպատակով ու ճշմարտությունն իմանալու ցանկություն ունեցողների իրավունքը հարգելով՝ հարկ համարեց պարզաբանել ներկայացվածը:
Իրականությունը, ըստ նրա, հետևյալն է․ ԵՊՀ-ում արդեն տարիներ ի վեր ձևավորված է ավանդույթ՝ տարբեր ձևաչափերով նշելու հին տոմարով Նոր տարին։ Դեռևս նախորդ տարի դեկաններից հնչել է առաջարկություն՝ այն տոնելու ավելի հանդիսավոր պայմաններում։
Վաղուց պլանավորված միջոցառումը որևէ կերպ կապ չունի ռեկտորի անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
«Ցավում եմ, որ լրատվական այս կայքը (Hraparak) իմ և համալսարանի հասցեին հերյուրանքներ տարածելու համար նույնիսկ դատական ատյաններում պարտություն կրելուց հետո չի փոխում իր գործելաոճը։ Ի դեպ, վիճարկելի հեղինակություն վայելող կայքի աղբյուրները նույնիսկ աչքի չեն ընկնում հավաստիությամբ, քանի որ ներկայացվել են կեղծ փաստեր թե՛ մասնակիցների, թե՛ միջոցառմանը հնչած կենացների վերաբերյալ»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։
Վերջինս նաև ասաց, որ հրապարակված նյութի առնչությամբ իրենց դժգոհություններ են հայտնել հենց համալսարանականները ու առաջարկել հանդես գալ իրականությունը ներկայացնելու հայտարարություններով։
ԵՊՀ ռեկտորը կոչ է անում դադարեցնել ԵՊՀ-ում պառակտում մտցնելու բոլոր փորձերը, քանի որ ձևավորված միասնության ու ջերմ մթնոլորտի պայմաններում դրանք, միևնույն է, ձախողվելու են:
