ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՁԵԶ ՌԵԿՏՈՐ ՉԵՆ ԴՐԵԼ, ՈՐ ԵՊՀ ՓՈՂԵՐՈՎ ԲԵԼԱՋԻՈՅՈՒՄ ՔԵՖԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ

Փետրվարի 16-ին մենք մի սկանդալային հրապարակում ունեինք, որով բացահայտել էինք մեր բուհական համակարգում եւ մասնավորապես` Մայր բուհում` ԵՊՀ-ում տիրող խայտառակ վիճակը: Այն, թե ինչ անպատասխանատու վերաբերմունք ունեն պետական պաշտոնյաներն` իրենց վստահված ֆինանսների նկատմամբ եւ ինչպես են անխնա, անարդյունավետ եւ կամայականորեն մսխում այն: Համառոտ ներկայացնենք, թե ինչի մասին էր խոսքը.

Հրապարակման վերնագիրն էր. ««Հին նոր տարվա» անվան տակ «Բելաջիոյում» ԵՊՀ ռեկտորի որդու ծնվելն են նշել»: Ներկայացրել էինք, որ ԵՊՀ ռեկտոր՝ ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը երրորդ որդին է ունեցել եւ այնքան է ուրախացել, որ իր ընկերական շրջապատին, այդ թվում ԵՊՀ որոշ ղեկավար աշխատողների, մի անգամ  հրավիրել  է Ջրվեժում գտնվող «Հին Ջրվեժ» ռեստորան` նշելու, իսկ դրանից մի քանի օր անց՝ հունվարի 13-ին երկրորդ մեծ կերուխումն է կազմակերպել` «Բելաջիո» ռեստորանային համալիրում: Բայց «հնարամիտ ռեկտորը» դա որոշել է անել ԵՊՀ միջոցների հաշվին եւ փաթեթավորել` «հին Նոր տարին» նշելու անվան տակ: Նշել էինք, որ այս խնջույքին մասնակցել են համալսարանի պրոռեկտորները, մի քանի դեկան եւ վարչական ստորաբաժանումների ղեկավար, որոշ հրավիրվածներ էլ բացակայել էին։ Չեին մասնակցել Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, Տնտեսագիտության, կառավարման ֆակուլտետի դեկան Կարլեն Խաչատրյանը: Մենք նաեւ հարցում էինք արել ԵՊՀ եւ ստացել էինք հաստատում, որ այո. «Հին տոմարով Նոր տարին աշխատակիցների մասնակցությամբ տոնելու ԵՊՀ-ում ձեւավորված երկարամյա ավանդույթի համաձայն՝ այս տարի եւս կազմակերպվել է կորպորատիվ միջոցառում, որին մասնակցել են ԵՊՀ ռեկտորատի ներկայացուցիչներ, ֆակուլտետների ու ինստիտուտների, ինչպես նաեւ կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարներ։ Միջոցառման անցկացման համար հատկացվել է 1 մլն 128 հազար 950 դրամ»:

Սակայն մեր հարցազրույցների ընթացքում նաեւ պարզել էինք, որ ԵՊՀ-ում նման ավանդույթ չի եղել` գոնե երբեւէ ռեստորանում «Հին տոմարով Նոր տարին» չեն նշել: Եւ առհասարակ` Հայաստանում կա՞ որեւէ հիմնարկ, ընկերություն, որը Հին տոմարով նոր տարի է նշում` ընկերության բյուջեից միջոցներ հատկացնելով եւ ռեստորան գնալով:

Բայց դե Հայաստանում արդեն տարածված երեւույթ է ստելը, խաբելը, մարդկանց մոլորեցնելը: Նորմալ է, երբ պետական պաշտոնյաները ոչ թե ամաչում են իրենց արարքների համար, այլ երբ բացահայտում ենք` մի յուրօրինակ ցինիզմով ասում են. լավ եմ արել, մի գրեք, մի վարկաբեկեք համակարգը… Եւ մեզ բոլորովին չզարմացրեց, որ հոդվածը հրապարակվելու օրը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մի ամբարտավան ու կեղծ պատասխան հարցազրույցով էր հանդես եկել Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» կայքէջում:

Նա չի հերքել մեր հրապարակման ոչ մի տողը, որովհետեւ հերքելու ոչինչ չկար, բայց «ցածրորակ բամբասանք, հերյուրանք» է անվանել մեր հրապարակումը` պնդելով, որ «ԵՊՀ-ում արդեն տարիներ ի վեր ձևավորված է ավանդույթ՝ տարբեր ձևաչափերով նշելու հին տոմարով Նոր տարին։ Դեռևս նախորդ տարի դեկաններից հնչել է առաջարկություն՝ այն տոնելու ավելի հանդիսավոր պայմաններում։ Վաղուց պլանավորված միջոցառումը որևէ կերպ կապ չունի ռեկտորի անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների հետ»։

Եթե նկատեցիք` խոսքում օգտագործում է «տարբեր ձեւաչափերով» արտահայտությունը, որովհետեւ «ռեստորանի ձեւաչափով» Հին նոր տարին երբեւէ Համալսարանում չեն նշել` գուցե որոշ դեկանատներում քարտուղարուհիները սուրճի ու խմորեղենի սեղան են դրել հունվարի 13-ին եւ այդ սեղանը մի փոքր տարբերվել է հունվարի 12-ի սեղանից, բայց ռեստորան հաստատ չեն գնացել եւ ԵՊՀ բյուջեից էլ 2,5 հազար դոլար չեն հատկացրել: Ինչը եւս հաստատում է համալսարանական մեր աղբյուրների պնդումները, որ ռեկտորն իրականում որդու ծնունդն է նշել բուհի հաշվին:
Բայց ցինիզմն ու անամոթությունն այսքանով չի ավարտվում: Հարցազրույցում (եթե, իհարկե, այն կարելի է հարցազրույց անվանել), ռեկտորը մի հանճարեղ նախադասություն էլ է ասել. «Ցավում եմ, որ լրատվական այս կայքը (Hraparak) իմ և համալսարանի հասցեին հերյուրանքներ տարածելու համար նույնիսկ դատական ատյաններում պարտություն կրելուց հետո չի փոխում իր գործելաոճը»։

Անգամ մի տարրական տեղեկատվություն ստուգելու անկարող ռեկտորին ուզում ենք ասել, որ «Հրապարակը» իր գոյության 16 տարվա ընթացքում իր դեմ ներկայացված հայցերի 99 տոկոսի դեպքում հաղթող է ճանաչվել: Եւ հենց այսօր էլ մենք Վերաքննիչ դատարանից ստացել ենք վճիռ, որով դատարանը ճանաչել է մեր իրավացիությունը ամբողջությամբ մերժել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի` Շիշ բռնողի հայցը: Եւ հիմա հայցվոր պատգամավորն անգամ մեր դատական ծախսերը պետք է փոխհատուցի:

Իսկ եթե խոսքը վերաբերում է մեկ տարի առաջ մեր դեմ ներկայացված ԵՊՀ հայցին` «Հրապարակի» դեմ, որի քննությունը դեռ չի էլ սկսվել, նախ տեղեկացնենք, որ անհարմար է մի հսկա իրավաբանական բաժին ունեցող բուհի համար այդքան անգրագետ հայց ներկայացնելը: Երեւանի պետական համալսարանը, փաստորեն, չի կարողանում անգամ առանց սխալների հայց գրել, չի կարողացել պատասխանող ՍՊԸ-ի անունն անգամ ճիշտ գրել եւ ամենազավեշտականը` հայցի վերջին հատվածում. պահանջների բաժնում դատարանից պահանջել է…գումար գանձել եւ հերքում պարտադրել «Գեւորգ Էմին -Տերյանին»: Հավանաբար` Գեւորգ Էմին-Տերյանի դեմ գրված հայցը «քոփի» են արել եւ մեխանիկորեն տեղադրել մեր դեմ ներկայացված հայցի տեքստում:

Եւ այս գրագիտության, այս բարեխղճության տեր հիմնարկի ղեկավարը մեզ մեղադրում է…Ինչո՞ւմ է մեզ մեղադրում. մեղադրում է իր արարքները, ԵՊՀ-ում տիրող իրավիճակը բացահայտելու եւ համալսարանի ֆինանսական ծախսերի նկատմամբ հանրային հսկողություն ապահովելու համար:

Հրապարակ

 

Կիսվել սոց․ ցանցերում