«Մենք վեկտոր փոխո՞ւմ ենք, թե՞ չէ»։ Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցին ի պատասխան, ըստ էության, «այո» պատասխանը տվեց։ Բայց դեպի ո՞ր կողմ ենք փոխում։ Չնայած Փաշինյանը ուղիղ «այո» չասաց՝ նշելով, որ վեկտորի փոփոխության մասին խոսույթն իր համար այնքան էլ ընդունելի չէ, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը մեր անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությունն է, և դա է մեր վեկտորը։ Միաժամանակ, սակայն, Փաշինյանն ասաց, որ մեր ընտրությունը արժեքաբանական է, իսկ մենք ընտրել ենք ժողովրդավարությունը, ու այդ հարցում մեզ աջակցում է Արևմուտքը, և Արևմուտքից շատ բան դեռ ունենք սովորելու։ Հետևաբար ոչ միայն պրագմատիկ առումով է մեր ընտրությունը այսօր կանգ առնում Արևմուտքի վրա մեր վեկտորը փոխելու տեսանկյունից, քանի որ Ռուսաստանի հետ այսօր, ցավոք, հնարավոր չէ սպասարկել այն շահերը, որոնք մեր առջև դրված են՝ անկախություն, ինքնիշխանություն և տարածքային ամբողջականության պահպանում, այլև արժեքաբանական տեսանկյունից ենք «ստիպված» ընտրել Արևմուտքը։
Մյուս կողմից, իշխանությունները հասկանալի պատճառներով խուսափում են ուղիղ պատասխանել վեկտոր փոխելու մասին հարցին, որովհետև ինչպես վարչապետն ասաց՝ հարվածներ կստանանք այն կողմից, որին դեմ որոշում կկայացնենք։ Բայց եթե նախկինում կարող էինք խուսանավել, մի քանի «աթոռի վրա նստել», ապա հիմա՝ աշխարհակարգի այս պայմաններում, ստիպված ենք ընտրություն կատարել։ Որոշում չկայացնել չենք կարող՝ մեզ ուղիղ հարցնում են՝ ո՞ր կողմում եք դուք։ Իսկ այսօր մենք թե՛ պրագմատիկ, թե՛ արժեքաբանական տեսանկյունից դեպի Արևմուտք ենք կողմնորոշված։ Բայց ի՞նչ ենք անում Ռուսաստանի կողմից հնարավոր հարվածների հնարավորությունն ու հետևանքները մեղմելու առումով։ Եթե ռազմական առումով որոշ չափով բալանսավորել ենք ռուսական կախվածությունը՝ սպառազինությունների ձեռք բերման տեսանկյունից, տնտեսական առումով, սակայն, շարունակում ենք խորը կախվածության մեջ մնալ Ռուսաստանից, ինչպես նաև ռուսական ռազմական ներկայությունն է լուրջ խնդիր Հայաստանի համար։ Ահա այստեղ է, որ մեր քայլերը խիստ դանդաղ են, կամ տեղաշարժ, ըստ էության, չկա։ Սակայն այստեղ մեկ այլ հարց է առաջ գալիս՝ իսկ որքանո՞վ է Արևմուտքը մեզ աջակցում՝ թոթափելու համար ռուսական կախվածությունը։ Իհարկե, որոշ քայլեր անում են, սակայն բավարա՞ր են դրանք։ Արևմուտքն ակնհայտորեն դանդաղում է այս հարցում և զգուշավոր է գործում։ Անգամ Ուկրաինայի հարցում է Արևմուտքը այդպիսի դանդաղկոտություն ցուցաբերում։ Սա թե՛ քաղաքական որոշումներով է պայմանավորված, թե՛ արևմտյան բյուրոկրատիայով։ Իսկ կա՞ն քայլեր, որ Արևմուտքն ակնկալում է Հայաստանից, որը հայկական կողմը չի անում։ Ահա այս հարցին դժվար է պատասխանել, քանի որ, չնայած շատ հարցերի պատասխաններ մենք ունենք, շատ բաներ տեղի են ունենում հրապարակային դաշտում, բայց սա այն հարցն է, որի մասին մենք պատասխաններ, կարելի է ասել, չունենք։ Օրինակ՝ Ֆրանսիան հայտարարում է Հայաստանի հարցով պատմական որոշում կայացնելու մասին։ Այստեղից ակնհայտ է, որ Ֆրանսիան կա՛մ բավարարված է Հայաստանի քայլերով կամ այդ քայլերի դինամիկայով, կա՛մ ունի հստակ երաշխիքներ, որ այդ ակնկալվող քայլերը Հայաստանը կանի։ Բայց հավաքական Արևմուտքի առումով այսպիսի վստահությամբ չենք կարող պատասխանել հարցին, թե Արևմուտքը մեզանից լրացուցիչ ակնկալիքներ չունի։ Նաև չգիտենք՝ արդյոք այդ սպասելիքները համաչա՞փ են մեր հնարավորություններին։
Արևմուտքն, օրինակ, ակնկալում է, որ Հայաստանը միջանցք չի զիջի Ադրբեջանին և Ռուսաստանին, և Հայաստանը այս հարցում բավարարում է Արևմուտքի այդ ակնկալիքը, քանի որ դա նաև իր շահերից է բխում։ Ու չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված է, որ ճանապարհների ապաշրջափակման դեպքում Սյունիքով անցնող ճանապարհը պետք է վերահսկեն ռուսական սահմանապահները, Հայաստանը այս հարցում, սակայն, դիրքորոշման փոփոխություն է ցուցաբերում՝ հաշվի առնելով 2020-ից հետո տեղի ունեցած փոփոխությունները։ Պետք է խոստովանել, որ, այո՛, 9-րդ կետով կար այդպիսի պայմանավորվածություն, բայց 2020-ից հետո շատ ջրեր են հոսել, և Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն պահել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հետևաբար ինչո՞ւ պետք է Հայաստանը դա անի։
Բայց արևմտյան վեկտորն ընտրելը ևս մեկ խնդիր է ստեղծում Հայաստանի համար. Իրանի գործոնը։ Իրանը պարբերաբար մեսիջներ է հղում, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն իր համար անընդունելի է։ Եվ Իրանի հետ հարաբերությունները շատ բարդ են, զգայուն, բայց Իրանի և Հայաստանի շահերն այս առումով չեն համընկնում։ Իրանը նախընտրում է, որ Սյունիքով անցնող կոմունիկացիաները չբացվեն։ Այդպիսով տարածաշրջանում նա մոնոպոլ դիրք կունենա, իսկ Հայաստանը կշարունակի բլոկադայի մեջ մնալ։ Բացվելու դեպքում Իրանը դեմ չի լինի, որ այն վերահսկի հայկական կողմը, ահա այստեղ մեր շահերը համընկնում են, բայց Իրանը դեմ չի լինի նաև ռուսական վերահսկողությանը։
Ինչևէ, ակնհայտ է, որ Հայաստանն իր ընտրությունը կատարել է՝ դեպի Արևմուտք, և ակնհայտ է, որ հարվածներ է ստանալու, սակայն այս հարվածների հետևանքները մեղմելու ուղղությամբ աշխատանք գրեթե չի կատարել։ Ահա սա է նաև պատճառը, որ մեր իշխանությունը այդ հարցին ուղիղ «այո՛ պատասխանելուց խուսափում է։
Վովա Հակոբյան
