Հայտնի ստեղծագործողի որդին հորը ասում է՝ փող տա, որ գերեզման գնան, պարզվում է՝ գրողների հետ հանդիպում է. Մարտիրոսյան

Հայաստանում նշվող Գրքի տոնի հանդեպ, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, թեև հասարակությունը դրսևորում է հետաքրքրություն, սակայն իր համար այն արհեստական բնույթ է կրում։

Վերջինս նկատում է՝ տոնի բովանդակությանը քիչ է ուշադրություն դարձվում:

«Ինչպես դեմ եմ, որ կանանց հիշեն միայն մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին (կնոջը պետք է միշտ հիշել), այնպես էլ ոչ թե պետք է լինի Գիրք նվիրելու տոն, կամ Գրքի տոն, այլ գիրք կարդալու, դրա իմաստն ու բովանդակությունը հասկանալու օր։ Սա մեզնից, ցավոք, հեռու է։  Տարվա մեջ ընդամենը 20-30 հազար մարդ է մտնում գրախանութ, մտնողներն էլ արտացոլում են, թե գրքի ու հմտությունների հանդեպ պահանջարկը Հայաստանում ինչպիսին է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ զրուցակցի՝ գիրքը երբեք էլ «թրենդ» չի եղել, միայն սովետական ժամանակաշրջանում էր, երբ անգամ կահույքագործները պետք է կահույքի հետ անկյուն ստեղծեին, որը նախատեսված կլիներ գրքի համար. «Մարդիկ սովետական շրջանում առնում էին կահույքը, դրա մի մասը գրքի համար էր նախատեսված. սովետմիության քաղաքացին պետք է գիրք ունենար։ Գիրքը պետք է ինչ-որ բան փոխանցի հասարակությանը»։

Վերջինս կարևոր է համարում նաև այն, թե առաջին անգամ մարդը ինչ գիրք է կարդում. եթե ընթերցողի ձեռքն ընկավ ոչ այդքան կարևոր տեղեկատվությամբ գիրք, ապա նա, ըստ Մարտիրոսյանի, գրքից առհասարակ կհիասթափվի․ «Ես չեմ ուզում, որ անպետք բան ստանա ընթերցողը, որովհետև այժմյան ընթերցող շատ նրբաճաշակ է։ Անտաղանդ գրքի հետ եթե հանդիպի, կհիասթափվի։ Միևնույն ժամանակ այն մարդը, որը չունի մշակութային արգելանքներ՝ դաստիրակություն, նրան չի կարելի գիրք տալ, այն հզոր զենք է։ Եթե կապիկին տաս նռնակ, աղետ կբերի, անկիրթ մարդու ձեռքը տաս գնացք վարելու հնարավորություն, ևս աղետաբեր կլինի, ուրեմն գիրքը նույնպես պետք է ընտրովի տրվի»։

Շուրջ երկու տարի առաջվա տվյալներով, ըստ Մարտիրոսյանի, յոթ հայաստանցու բաժին է ընկել մի գիրք, մինչդեռ Վրաստանի մեկ քաղաքացուն, մեկ շնչի տվյալներով, մեկ գիրք։ Եթե Վրաստանում գիրք են ընթերցում ու գնում 13-25 տարեկան անձինք, ապա Հայաստանում գրքի գնորդները 35-55 տարեկաններն են։ Ընդ որում՝ ընթերցասերները հիմնականում կանայք են։

«Անտարես» հրատարակչության տնօրենը ցավով նկատում է՝ այսօր կան բոլոր ժամանակների, ժանրերի ու բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված գրքեր, սակայն չկա ընթերցող: Նա համոզմունք է արտահայտում, որ անհաջողությունները արտացոլվում են չկարդալու մեջ։

«Եթե ուզում ենք էապես բան փոխել, ապա ի՞նչ պետք է անի պետությունը՝ ընթերցանության պահանջարկը մեծացնի։ Օրինակ՝ 2021 թվականին Ուկրաինան մի ծրագիր արեց. քովիդի վարակվածությունն այնտեղ բարձր էր, և խրախուսվում էր դրա դեմ պատվաստումը, կառավարությունը հայտարարեց, որ ով պատվաստվի, հաշվին կստանա 40 դոլար: Գումարը կարող էին ծախսել կա՛մ գիրք գնելու, կա՛մ դասական համերգի գնալու, կա՛մ էլ թատերական ներկայացման տոմսի համար։ 35 տոկոսը նախընտրել էր գիրք գնել։  Բրեդբերին ասել է՝ ավելի մեծ հանցանք է գիրք չկարդալը, քան վառելը»,- նկատում է նա։

Բացի այն, որ հայ հասարակությունը, գիրք չկարդալով, դարձել է «հանցավոր», Մարտիրոսյանը նաև մի դեպք է պատմում, որով արտացոլվում է, որ այսօրվա երիտասարդությունը շատ է հեռացել գրականությունից:

«Հայաստանի հայտնի գրողներից մեկի որդին մոտենում է հորը, ասում. «Պապ, փող տուր, պետք է գերեզմանոց գնանք դասարանով»: Հայրը զարմանում է, կնոջը պատմում, զանգահարում են տղայի ուսուցչուհուն՝ իրավիճակը հասկանալու։ Պարզվում է՝ տղան պետք է գնա գրողների հետ հանդիպման։ Ստացվում է, որ 4-րդ դասարանցու գլխում գրողի հետ հանդիպումը միայն գերեզմանոց է արտացոլում։ Մեր երեխաները մտածում են՝ եթե գրող է, ուրեմն մեռած է։ Հասարակությունը թույլ չի տալիս, որ ապրող գրողը ասպարեզում երևա։ Նույնն էլ հեռուստատեսությամբ է»,- ընդգծում է նա:

Մերի Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում