«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ պատերազմի սարսափը անընդհատ մեր ժողովրդի գիտակցության մեջ «տաք» պահել փորձում է ոչ միայն ռևանշիզմը, այլ նաև շատ «ազնիվ» վերլուծաբաններ, քաղական գործիչներ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նկատում է՝ այն, որ պատերազմ հնարավոր է, գիտենք բոլորս, բայց, ըստ Սուքիասյանի, մասնավորապես այս պահին դրա հավանականությունը չկա:
«Պարզապես Հայաստանը վառվում է տեղեկատվական տեռորի մեջ, հավանաբար մի մասն էլ ուզում է, որ պատերազմ լինի, անընդհատ պատերա՜զմ, պատերա՜զմ…: Ոչ միայն հասարակությանն են պահում տագնապի մեջ, այլև տարածաշրջանը բրենդավորվել և ներկայացվում է որպես պատերազմական գոտի, անհանգիստ տարածաշրջան: Ինչո՞ւ, որովհետև այդ պարագայում գայթակղիչ չի արտաքին ներդրումների համար, իսկ Հայաստանը տնտեսությունը զարգացնելու խնդիր ունի: Այսինքն՝ սա առաջին հերթին ՀՀ տնտեսությունը վնասելու և հասարակությանը տեռորի մեջ պահելու համար է արվում»,- կարծում է նա:
Հարցադրմանը՝ իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ չի լինի պատերազմ, վերջինս պատասխանում է. «Նախ Հայաստանը որոշակի կայունություն է ձեռք բերել, որը բավարար է, որ մեծ պատերազմ չլինի: Այստեղ են ԵՄ դիտորդները, որոնք մեր երկիրը դեմոկրատական պատնեշով փակել են: ՀՀ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը. ԵՄ դիտորդները և Հռոմի ստատուտը մեկ կոմպլեքս է, սրանք այլանդակություն անեն՝ դիտորդները տալու են զեկույցները, ՀՀ-ն դիմելու է Միջազգային քրեական դատարան: Հնդկաստանի հետ ռազմական ոլորտում բավարար համագործակցություն կա, Ֆրանսիայի հետ կա, ՀՀ-ի ռազմական բյուջեն է մեծացել, Իրանի հայտարարությունները կան, ԱՄՆ-ի հայտարարությունը: Այս ամենը հիմք են տալիս՝ պնդելու, որ մեծ ռազմական էսկալացիայի վտանգ այս պահին չկա»:
Սուքիասյանի խոսքով՝ տեսնում են, թե ավելի շատ որ տեղեկատվությունն է ցնցումներ առաջացնում հայ հասարակության շրջանում, դա են «տաքացնում»:
«Ալիևը այստեղի ռևանշիզմին գիտի, հարց էր դրել շրջանառության մեջ, թե ես եմ ասել, որ Սահմանադրությունը փոխեք, սրանք էլ պնդում են, թե Սահմանադրությունը Ալիևի պահանջով է փոխվում, եթե Հայաստանն ասեր՝ Սահմանադրություն չեմ փոխելու, Ալիևն ասելու էր՝ ես եմ ասել՝ չփոխե՛ք: Տեղեկատվական հոգեբանական պատերազմի նպատակը ո՞րն է՝ ազդել հակառակորդ պետության զանգվածային գիտակցության վրա և ուղղորդել այդ էներգիան քաղաքական գործընթացներ, այսինքն՝ հասարակությանը թույլ չտալ, որ ճիշտ քաղաքական որոշումներ կայացնի»,- նկատում է նա:
Նա այն համոզմանն է, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությունում ներկա է «5-րդ շարասյան» տեսքով:
«Եթե հասարակությունը անկայուն է, փոթորկուն, նշանակում է իշխանության լեգիտիմության հարց է առաջանում, նպատակը անկայունության օջախներ ստեղծելն է, որպեսզի իշխանության լեգիտիմությունն ընկնի, հեղինակությունն ընկավ՝ հեղաշրջումը ավելի հեշտ է: Դրա համար իշխանությանն առաջակում եմ՝ մենք այն պետությունը չենք, որ մեր կողքը Անգլիան է, կամ Ֆրանսիան ու հանգիստ ապրենք, Հայաստանում ցնցումները վտանգավոր են: Դրանք այս պահին արդյունք չեն տալու, բայց չգիտենք՝ հետո ինչ կարող է լինել»,- մտահոգություն է հայտնում զրուցակիցը:
Վերջինիս համոզմամբ՝ իշխանությունը տեղեկատվության անվտանգության հարցում թերանում է, անտեսում տեղեկատվական պատերազմների նշանակությունը. «Մի ամիս առաջ «Մեղրին էին հանձնում», մի ոռնոց այնտեղից էին դրել, իշխանությունը 10 օր հետո նոր սկսեց փոքր-փոքր ինֆորմացիաներով զբաղվել: Ընդհանրապես պետություններ կան, որ ունեն տեղեկատվության անվտանգության հայեցակարգեր, «տեղեկատվական զենք» հասկացություն, որը քրեորեն պատժելի արարք է: Օրինակ, եթե որևէ կեղծ տեղեկատվություն ունի, ենթադրենք, 10 հազարից ավելի դիտում, դա տարածողը ենթարկվում է քրեական պատասխանատվության, որովհետև նա զանգվածային գիտակցության մանիպուլյացիա է անում: Մենք նման կարգավորումներ չունենք, բայց իշխանությունը գոնե տեղեկատվական հոգեբանական պատերազմներին պետք է ուշադիր լինի և չանտեսի»:
Հերմինե Կարապետյան
