Այն, որ Հայաստանի կառավարությունը պետք է պատասխան տա եւ բացատրություն ներկայացնի, թե ինչ իրավունքով ու սկզբունքով է Ռուսաստանի ԱԴԾ ստորաբաժանումը արգելում ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ, կասկածից վեր է:
Բայց, նաեւ կասկածից վեր է, որ այստեղ բուն խնդիրը թողած, կառուցվում է տեղեկատվական -մանիպուլյատիվ մի «լեգենդ», իբրեւ թե՝ եթե ռուսները թողնեին դիտորդներին Ներքին Հանդ, ադրբեջանական սադրանքը չէր լինի, մենք էլ չէիք ունենա զոհեր:
Դիտորդական առաքելության գործունեության մեկ տարվա ընթացքում այլ ուղղություններով քանի՞ անգամ է եղել սադրանք եւ զոհեր: 2023 թվականի ապրիլին ադրբեջանական սադրանք Տեղ գյուղում, հայկական կողմը ունի չորս զոհ: 2023-ի մայիսին՝ ադրբեջանական սադրանք Սոթք եւ Կութ ուղղությամբ՝ ունենք զոհ: 2023-ի սեպտեմբեր՝ ադրբեջանական սադրանք Սոթք, Նորաբակ ուղղությամբ, ունենք երեք զոհ:
2023 թվականի օգոստոսին 15-ին Վերին Շորժայում ադրբեջանցիները կրակում են ԵՄ դիտորդների եւ նրանց մեքենայի ուղղությամբ:
Երասխ, որտեղ ադրբեջանցիները կրակում են այնքան, մինչեւ հայկական կողմը որոշում է տեղափոխել կատուցվող գործարանը՝ մեր ինքնիշխան տարածքում կառուցվող գործարանը: Դիտորդները ոչ թե ադրբեջանցիներին խանգարում են կրակել, այլ օգնում են մերոնց «անվտանգ» տեղափոխել գործարանը:
Ներեցեք, բայց այդ ամենից հետո մտածել, թե սադրանքը եղել է, որովհետեւ դիտորդներին չեն թողել գնալ Ներքին Հանդ, ու եթե գնային՝ չէր լինի, թերեւս ճիշտ չէ:
Կրկնեմ, թվարկածս որեւէ կերպ չի «չեղարկում» գրառման առաջին պարբերության մեջ մատնանշածս պատասխանի եւ բացատրության աներկբա պարտավորությունը:
