Եթե աշխատավայրում ցերեկը ցանկություն է առաջանում քնելու, լուրջ խնդիր է. անքնության հետևանքները

Մեր օրերում շատերը տառապանում են անքնության պատճառով: Սա փաստում է նաև ՀՀ առողջապահական գերատեսչության նյարդաբանության գծով խորհրդատու, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի Քնի խանգարումների կենտրոնի ղեկավար, Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանը։

Նրա խոսքով, ըստ Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի՝ չափահաս մարդու համար 24 ժամվա ընթացքում նորմալ քնելու համար հարկավոր է 7-9 ժամ: Մանկական տարիքում կամ դեռահասության շրջանում, սակայն, այդ ժամանակահատվածը տարբերվում է. որքան ավելի փոքր է տարիքը, այդքան անհրաժեշտ է երկար քնել:

«Հիվանդություններ կան, որ կարող են բարձրանալ քիչ քնողների մոտ, երբ համեմատում ենք նորմայի սահմաններում քնողների հետ։ Կան քնի հիվանդություններ, օրինակ՝ անքնությունը, երբ մարդ ցանկանում է քնել, ոչինչ չի խանգարում, բայց քունը չի տանում։ Սա սկզբունքորեն տարբերվում է այն իրավիճակից, երբ նա կարող է քնել, բայց զբաղեցնում է իրեն տարբեր գործողություններով (հեռախոս, հեռուստացույց և այլն) ու չի քնում, կամ քիչ քնում, հետո չի կարողանում վերականգնել քնի համար կորցրած րոպեները կամ ժամերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է մասնագետը:

Վերջինիս խոսքով՝ առանձնացվում են մոտ 100 տարբեր քնի խանգարումներ։ Ըստ նրա՝ անքնությունը, օրինակ, կարող է լինել խրոնիկ, կարճ տևողությամբ, հանդիպում է թե՛ մանկական տարիքում, թե՛ մեծահասակների մոտ․ «Դրանցից են նաև քնի շարժողական խանգարումները՝ ատամների կրճտոցը, երբ քնի մեջ ատամները սեղմում են, ու ձայն է գալիս, ոտքերի պարբերական շարժումները, ոտքերի անհանգիստ համախտանիշը, քնի շնչառական խանգարումները, որոնք մեծ տոկոս են կազմում այդ ցանկում։ Քնի ապնոէն շնչառության դադարներն են, դա ազդում է առողջության վրա. բարձրացնում է մարդու օրգանիզմում խոլեստերինը, տատանվում է շաքարը, վատ ազդեցություն է ունենում արյան ճնշման վրա, կարող է ձևավորվել զարկերակային գերճնշում»։

Մասնագետը պարզաբանում է՝ խռմփոցը նույնպես շնչառական խնդիր է համարվում։ Ըստ նրա, սակայն, հասարակության մեջ քիչ են մարդիկ, որոնք խռմփոցի հետ կապված, բացի կատակի առիթ դարձնելուց, նաև մտահոգություն են ունենում․ «Վտանգ կա նաև ցերեկային արտահայտված քնկոտության հետ․ այստեղ խոսքը հենց ցերեկային՝ քնի համար չնախատեսված հատվածի մասին, որն է՝ առավոտյան 10-17:00-ը ընկած ժամանակահատվածը։ Եթե աշխատավայրում ցերեկը 2-3-ը ցանկություն կա քնելու, ապա դա լուրջ խնդիր է։ Հատկապես եթե վարորդ է աշխատում անձը, կարող է քնել ղեկին, այսինքն՝ դա չի կառավարվում»։

Նրա խոսքով՝ կան նաև քնի խանգարումներ, որոնք կապված են ոչ թե քիչ քնելու, այլ քնկոտության հետ, այսինքն, երբ մարդը գիշերը նորմալ քնում է, սակայն ցերեկը նորից քնելու ցանկություն է ունենում։ Սա արդեն համարվում է գերքնությունն է։ Ըստ մասնագետի՝ դրա վառ օրինակն է նարկոլեպսիա հիվանդությունը։ «Կա ավելի հազվադեպ հանդիպող գերքնություն, որը կոչվում է «քնած գեղեցկուհու» համախտանիշ: Մի իրավիճակ է, երբ մարդը չունի ցերեկային քնի կարիք, սակայն ինչ-որ մի հատվածում մտնում է «արջի քուն», օրվա 24 ժամից 23-ը քնած է։ Դա տևում է մի քանի օրից մինչև 5-6 շաբաթ։ ՀՀ-ում ունենք այդպիսի դեպք, առայժմ ախտորոշման ընթացքի մեջ ենք։ Այն բնորոշ է սովորաբար երիտասարդ տարիքի անձանց կամ դեռահասներին»,- ասում է նա:

Քնի խանգարումների հայկական ասոցիացիան նաև որոշակի ուսումնասիրություններ է արել Հայաստանի տարբեր մարզերի համայնքներում, օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիսի Ակներ համայնքում, Բագրատաշենում, Երևանում և Վերին Շորժայի հատվածում։ Պատկերը, ըստ բժիշկ Խաչատրյանի, եղել է այնպես, որ Հայաստանում կան անքնություն, խռմփոց, նույնիսկ անհանգիստ ոտքերի համախտանիշ. «Նաև ունենք քնի ժամացույցի շեղումներ, երբ մարդիկ սովորական ժամերից շեղված են քնում ու արթնանում, այսինքն՝ «բու» տեսակը, երբ ուշ են քնում ու ուշ արթնանում, նաև «արտույտը»՝ երբ շուտ են քնում, շուտ արթնանում։ Շատ հաճախ հանդիպում է լուսնոտությունը, հատկապես ուշ մանկական և դեռահասության տարիներին»:

Մասնագետը նկատում է՝ այլ վարքային խանգարումները ավելի մեծ տարիքում են հանդիպում, հաճախ չեն հաղորդվում, սակայն դրանք մեծ ուշադրության են արժանի։

«Քնի յուրաքանչյուր խանգարում իր մոտեցումներն ու վտանգներն ունի։ Վտանգավորներից է քնի ապնոէն՝ շնչադադարը, որը բարձրացնում է, օրինակ, սիրտ անոթային ռիսկերը, խոլեստերինը, շաքարային դիաբետը, ճնշման տատանումները, կաթվածի հավանականությունը։ Ֆիզիկական տեսանկյունից լուսնոտությունն է վտանգավոր, երբ անձը լիարժեք չի տիրապետում իրավիճակին ու կարող է թե՛ իրեն, թե՛ մեկ ուրիշի վնասել։ Այսինքն՝ քիչ քնողների մոտ տարբեր տեսակի հիվանդություններն ու մահացության պատճառները ավելի շատ են, քան այն մարդկանց մոտ, որոնք նորմալ տևողությամբ են քնում։ Հնարավոր է՝ մարդը մեկ շաբաթ չքնի, ու դա վատ ավարտ ունենա նրա համար»,- ընդգծում է մասնագետը:

Մերի Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում