Հայաստանում գործնականում չկա այդ ճգնաժամային կառավարումը

Բազմաթիվ անգամներ ունեցել եմ այս թեմայի վերաբերյալ գնահատականս արտահայտելու առիթ:
Հայ-ռուսական հարաբերության նորագույն պատմության ճգնաժամի սկիզբը այն փուլն է, երբ Ռուսաստանը կողմնորոշվեց հետելցինյան իշխանության եւ այդ իշխանության ռազմավարական քաղաքականության հարցում:
Ճգնաժամի պատճառն անձերի մեջ փնտրելը, ինչպես ասել եմ տարիներ, այլ բան չէ, քան փախուստ իրականությունից: Դա բացարձակապես չի նշանակում, թե անձերը չունեն պատասխանատվություն: Ավելին, անձերի դերը շատ կարեւոր է ճգնաժամի կառավարման գործում: Բայց, շեշտադրումները պետք է անել այդ կերպ՝ պատասխանատվություն ճգնաժամի կառավարման, ոչ թե ճգնաժամի համար:
Ժամանակակից տեղեկատվական միջավայրի ամրացումը, նաեւ աշխարհաքաղաքական «սալերի» սեղմումը ավելի ու ավելի բարդացնում էր ճգնաժամի կառավարման գործը: Դա ավելի դյուրին էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, զգալիորեն բարդացել էր Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, առավել քան բարդ է այսօր, եւ բարդանալու է աստիճանաբար:
Դարձյալ կրկնեմ՝ անգամ սա չի նշանակում որեւէ անձի արդարացում կամ «ալիբի»: Որովհետեւ, որքան բարդ է ճգնաժամի կառավարման միջավայրը, այնքան պահանջվում է տվյալ ժամանակի կառավարչի ավելի բարձր պատասխանատվություն, բարձր հմտություն:
Այսօր, ըստ իս, Հայաստանում գործնականում չկա այդ ճգնաժամային կառավարումը:
Կիսվել սոց․ ցանցերում