«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ իրեն առաջարկել են զբաղեցնել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նման քննարկում եղել է։
«Ես արտահայտվել եմ, որ ԱԺ-ում մեր անելիքները պակաս չեն։ Բայցևայնպես, եթե որոշումն այնպես լիներ, որ ես աշխատեի գործադիրում, կքննարկվեր հարցը»,- այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Թունյանը նաև նկատեց՝ Պապոյանը իր գործին տիրապետող պրոֆեսիոնալ մարդ է՝ նվիրված իր քաղաքական թիմի արժեքներին։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը գրավում է բոլոր պետական պաշտոնները, պատգամավորը պարզաբանեց․ «Մեր կուսակցությունը ընտրություններում հաղթած ուժն է, և պետական պաշտոններն ու Կառավարությունը ձևավորվում է այդ ընտրությունների հիման վրա այդ քաղաքական ուժի կողմից, գրավելու կամ չգրավելու խնդիր չկա»։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստին, որը վարել էր Նիկոլ Փաշինյանը, հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Այս պաշտոնի նշանակման համար քննարվում էին մի քանի անուններ, այդ թվում՝ Պապոյանինը և Թունյանինը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Պապոյանն ասել է. «Վերաբերվում եմ այդ ամենին մեծ պատասխանատվությամբ, քանի որ պետք է ղեկավարեմ մեր երկրի Էկոնոմիկայի նախարարությունը, ինչ մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն է։ Առաջիկա օրերին մանդատս կդնեմ ու նշանակումից հետո կանցնեմ ամբողջ ծավալով աշխատանքի»:
