Խաղային գործունեության կարգավորման մասին ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի նպատակը խաղային ոլորտում իրավահարաբերությունների կարգավորումն է՝ տարանջատելով և հստակեցնելով բոլոր շահումով խաղերի տեսակները՝ մոլեխաղ, ինտերնետ-մոլեխաղ, բուքմեյքերային գործունեություն, շահումով այլ խաղեր և այլն, սահմանել խաղային գործունեության բոլոր խմբերի նկատմամբ պահանջները, դրանց առանձնահատկությունները, նշված խմբերի իրական շահառուների իրավունքներն ու պարտավորությունները և այդ խմբերին առնչություն ունեցող համապատասխան օրենսդրական կարգավորումները:
Այս մասին այսօր Ազգային ժողովում նիստի ընթացքում ներկայացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ հիմնական և առանցքային փոփոխությունն այն է, որ առաջին անգամ կներդրվի համակարգ ՀՀ-ում, որը հնարավորություն կտա թվային գործիքների միջոցով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրությամբ պահանջները՝ թե՛ սպառողների պաշտպանության տեսակետից, թե՛ ֆիսկալ հսկողության տեսանկյունից:
Մասնավորապես, նախագծով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների և տվյալների բազաների միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիթորինգային կենտրոնին, ինչպես նաև համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին և ունենան համապատասխան սերտիֆիկատներ:
Ներդրվող էլեկտրոնային համակարգը կապահովի ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, կազմակերպիչների իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանություն:
Հստակեցվել են խաղային տարբեր տեսակների հասկացությունը, արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորության ստեղծումը և դրանց գովազդումը ՀՀ տարածքում կամ ՀՀ-ում հասանելի համացանցային տիրույթում:
ՊԵԿ նախագահը նաև նշել է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն դիմել են իրենց, խնդրել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում անպայման ընդլայնել սահմանափակող միջոցառումների շրջանակը․ «Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն մասնավորապես դիմել են մեզ և խնդրել, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում անպայման սահմանափակող միջոցառումների շրջանակն ընդլայնվի, և սահմանափակումներ նախատեսվեն նաև զինծառայողների, գուցե նաև իրավապահ համակարգի աշխատակիցների համար, որտեղ ևս բավական բացասական հետևանքների կարող է հանգեցնել խաղամոլության տարածումը»։
