Բռնության (անխուսափելիության) մասին
Ֆրանց Ֆանոնը հակագաղութային պայքարի մարտիկ էր և տեսաբան: Ձևավորվել էր մասնավորապես «Նեգրականություն» շարժման և դրա առաջնորդի՝ Էմե Սեզերի ազդեցության տակ: Իր վերջին գրքում Ֆանոնը խոսում է հակագաղութային պայքարում բռնության անխուսափելիության մասին: Բռնություն (գաղութա)տիրոջ նկատմամբ, ում կարծես ընդմիշտ տրված է բռնության մենաշնորհը: Եվ խնդիրն այստեղ մեծ չափով հոգեբանական է:
Վերջին օրերին նորից բորբոքվեց հակառուսական քննադատությունը, նորից հնչեցին «գաղութային» և հարակից բառեր՝ բնորոշելու Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Կարծեմ բավական ժամանակ է, որ Հայաստանի իշխանությունը և հասարակությունը կանգնած է այդ կարմիր գծի, հոգեբանական ծանրագույն երկընտրանքի առաջ՝ դիմել բռնության (ինչ տեսք էլ որ այն ունենա, օրինակ, ինչպե՞ս Զվարթնոցից հանել ռուս սահմանապահներին) «մեծ եղբոր» դիմակի տակ թաքնված (նեո)գաղութատիրոջ նկատմամբ:
Նրանք, ովքեր իշխանությանը մեղադրում են անվճռականության համար, թող իմանան, որ լիովին ձախողված է խնդրի մյուս կողմը՝ քննադատական երկխոսությունը գաղութային անցյալի հետ, որ մտավորական աշխատանք է և առերևույթ ռիսկեր չի պարունակում: Չկա նման «սխրանքի» պատրաստ մտավորականություն, չկա անգամ դրա համար պահանջվող տարրական բանիմացություն:
