ԱՄՆ-ի Փրդյու համալսարանի մի խումբ գիտնականներ իրենց վերջին ուսումնասիրության մեջ պարզել են, որ գազօջախի վրա եփելիս շատ անգամ ավելի շատ վնասակար նանոմասնիկներ են արտանետվում օդ, քան բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաների արտանետումներից։ Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է PNAS Nexus ամսագրում:
Օգտագործելով օդի որակը չափող ժամանակակից սարքավորումներ՝ գիտնականներն ուղղակիորեն չափել են նանոմասնիկների քանակը հատուկ նախագծված սենյակում։ Նրանք պարզել են, որ գազօջախի վրա ճաշի պատրաստման դեպքում, ներսում գտնվող մարդիկ 10-ից 100 անգամ ավելի վնասակար նանոմասնիկներ են ներշնչում, քան դրսում զբաղված փողոցում կանգնած մնալու դեպքում: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ գազօջախի վրա կերակուր պատրաստելիս առաջացած նանոկլաստերային աերոզոլը շատ կայուն է և կարող է հեշտությամբ խառնվել ավելի մեծ մասնիկների հետ, որոնք օդ են մտնում յուղերից և այլ ապրանքներից:
Փորձի ժամանակ հետազոտողները օգտագործել են պրոպանի գազօջախներ, և ստացված տվյալները համեմատելի էին պինդ վառելիքով և այլ տեսակի գազով աշխատող վառարանների համար իրականացված նմանատիպ ուսումնասիրության արդյունքում ստացված արտանետումների հետ:
