2022 թվականի հուլիսից ի վեր չի եղել Հայաստան-Թուրքիա հատուկ բանագնացների հանդիպում: Եվ ահա, Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը թուրք բանագնաց Քըլըչը Հայաստանի բանագնաց Ռուբինյանին առաջարկում է հաջորդ շաբաթ հանդիպել Երեւանում:
Ըստ իս, այստեղ կա երկու հանգամանք: Նախ, Թուրքիան մշտապես ձգտել եւ ձգտում է հայ-թուրքական շփումները առավելագույնս կտրել «երրորդ կողմերից»: Հաշվարկը պարզ է՝ մնալով «դեմ առ դեմ», Թուրքիան բնականաբար հեշտությամբ կիրացնի քաշային կատեգորիաների մեջ եղած ահռելի տարբերությունը:
Մյուս հանգամանքը այն է, որ Թուրքիան հատուկ բանագնացների հանդիպումների ավելի քան մեկուկեսամյա դադարից հետո այժմ առաջարկում է «վերսկսել» դրանք, նպատակ ունենալով «մրցակցային գիծ» բացել Ֆրանսիայի աշխուժության հանդեպ: Այստեղ սակայն, ըստ իս, առանցքայինն այն է, որ Անկարան թերեւս ունի կասկածներ, որ Ֆրանսիայի ակտիվությունն այդուհանդերձ աջակցություն ունի Ռուսաստանի իշխող համակարգի որեւէ ազդեցիկ գրասենյակում:
Եվ բանն այստեղ միայն Կովկասը չէ: Ինչպես օրեր առաջ էի ուշադրության արժանացրել, դիտարժան է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա արեւմտյան զորքի մուտք չբացառելու մասին: Այդ հայտարարությամբ փաստորեն Մակրոնը «ստիպեց» մյուս բոլոր դերակատարներին փութաջան հայտարարել, թե չի կարելի թույլ տալ այդպիսի բան:
Եթե այսպես ասած «ժամանակակից» բառապաշարով ասենք, Մակրոնը «տրոլլինգ» արեց ՆԱՏՕ անդամներին, ու թերեւս հռետորական հարց է առաջանում, ու՞մ կարող էր դա լինել օգտակար:
Հասկանում եմ, որ քաղաքական «ուղղագծության» «վարժեցված» մեր հանրության համար կան հստակ գծված սխեմաներ ու ճամբարներ: Դեռեւս 2016 թվականի ապրիլյան պատերազմից, եւ դրան հաջորդած նաեւ մի քանի այլ զարգացումից հետո եմ սկսել պարբերաբար գրել ու խոսել, որ մենք պետք է դուրս գանք աշխարհի այդ ընկալումից եւ ինքներս մեզ դիլեմաների ենթարկելուց, որովհետեւ մեր շանսը կարող է լինել միայն գլխի 360 աստիճան անկանգ պտույտի վարժվելու եւ գլխապտույտի չենթարկվելու կարողությունը:
