ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փենախովին Հայաստանն արդեն հանձնել է Ադրբեջանին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Առողջությունցս նորմալ է, ինձ լավ եմ զգում, շատ ուրախ եմ հայրենիք վերադառնալու համար»,- լրագրողներին և իրեն դիմավորողներին ասել է նա:
Երեկ՝ մարտի 4-ին, որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին
Փետրվարի 28-ի լուսադեմին Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ինքնաձիգով: Վերջինիս հայկական զինված ուժերի զինծառայողները վնասազերծել են:
Ազգային անվտանգության ծառայությունից հաղորդել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ զինծառայողը Ռուսլան Փանախովն է, որ մոլորվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Ավելի ուշ Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, դիվերսիայի փորձ կատարած Ռուսլան Փենախովը ձերբակալվել է:
