2023 թվականի հուլիսին ձևավորված բժշկական էթիկայի հանձնաժողովի գործունեության հետ կապված մասնագետները մեծ սպասելիքներ ունեին։ Շատերը կարծում էին, որ այն դեպքում, երբ ՀՀ-ում բացակայում են բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները, սա սթափեցնող քայլ էր լինելու առողջապահական համակարգում աշխատողների համար։ Սակայն 6 ամիս գործող հանձնաժողովը, պարզվում է, դեռևս ոչ մի դիմում-բողոք չի ստացել։
Էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այդ բացակայությունը պայմանավորում է մի քանի հանգամանքով: Ըստ նրա՝ գլխավորն այս հարցում հասարակության վստահությունն է, որը չկա:
«Մինչ այս Հայաստանում չի եղել որևէ նմանատիպ մարմին կամ կառույց, մարդիկ տեղեկացված չեն եղել, թե ուր կարելի է դիմել, կամ որ հնարավոր է նման հարցերի համար դիմել որևէ մեկին։ Որպես կանոն՝ նոր համակարգի նկատմամբ վստահության ձևավորման ֆոնը դժվար է ստեղծվում, հասարակությունը շատ ինֆորմացված չէ, ինչն էլ փորձում ենք լրացնել․ այժմ ընթացքի մեջ են հանձնաժողովի կայք ունենալու աշխատանքները։ Մտահոգ ենք, որ դիմումներ չկան»,- ասում է նա։
Միևնույն ժամանակ Աբգարյանը չի բացառում, որ Հայաստանում էթիկայի նորմերի խախտման դեպքեր միանշանակ լինում են, սակայն հայ հասարակության հոգեբանական և վարքագծային մոտեցումներում չափանիշ կա՝ հակված չեն գրավոր բողոքների դիմել որևէ մեկի հետ կապված։
Նկատենք՝ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ կարող են ահազանգել պացիենտը, նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձը, մահացածի ընտանիքի անդամը, այն բուժաշխատողը, ում նկատմամբ տեղի է ունեցել մեկ այլ բուժաշխատողի կողմից էթիկայի նորմերի ենթադրյալ խախտում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության իրավասու անձը, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները։ Հանձնաժողովը քննության է առնում նաև այն դեպքերը, երբ չնայած տեղի ունեցած դեպքի մասին բողոք չի ստացվել, բայց այն տարածվել է սոցիալական հարթակներում. անձը նախընտրել է իր էջում բարձրաձայնել դրա մասին, կամ տարածվել է լրատվամիջոցներում:
Հանձնաժողովը բողոք դիմումներն ընդունում են Հայաստանի ամբողջ տարածքից։
«Մենք կարծում էինք, որ ավելի շատ դիմումներ կլինեն հիվանդներից, քանի որ խնդիրներն ավելի շատ գալիս են հենց բժիշկ-հիվանդ հարաբերություններից, քան բժիշկ-բժիշկ փոխհարաբերություններում։ Եթե հանձնաժողովը լիներ ավելի շատ զանգերի կենտրոն, որտեղ ամեն ինչ անանուն կլիներ, վստահ եմ, որ մենք բազմաթիվ բողոքներ կունենայինք։ Անձն ուզում է դիմել, բայց հենց գործին ընթացք է տրվում, նա պետք է գրավոր ներկայացնի, թե ինչ, որտեղ և երբ է տեղի ունեցել, որ բժշկի կողմից, այլևս չեն ցանկանում խնդրին լուծում տալ։ Մարդկանց շատ հաճախ թվում է՝ էթիկայի կանոնների խախտումը վերաբերում է հիմնականում հարգալից վերաբերմունքին»,- ասում է մասնագետը։
Էթիկայի կանոնների խախտման լրջագույն օրինակներից է հակապատվաստումային քարոզը, որը Հայաստանում մեծ խնդիր էր դարձել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ժամանակ։
Աբգարյանն ասում է՝ դրա վերաբերյալ շատ դասընթացներ են կազմակերպվում, բժիշկներին տեղեկացվում է, որ առողջապահական գործունեության սկզբունքներին դեմ գործունեություն է․ «Քաղաքացին, եթե ցանկանում է նմանատիպ դեպքի համար դիմել, ապա նամակում նշում է անձնական տվյալները, երբ է դեպքը տեղի ունեցել, ներկայացվում են մանրամասներ, ստորագրություն։ Նամակը փոխանցվում է հանձնաժողովին առձեռն կամ փոստային ծառայության միջոցով։ Քանի որ հանձնաժողովը աշխատակազմ չունի, նամակը ներկայացվում է ՀՀ առողջապահության նախարարության քարտուղարություն, որոնք իրավունք չունեն ծրարը բացել։ Դեպքը պետք է մեկ տարվա ընթացքում կատարված լինի։ Այնուհետև կողմերը հրավիրվում են լսումների»։
Եթե պարզվում է, որ խախտումը իսկապես տեղի է ունեցել, և, օրինակ, տվյալ պարագայում բժիշկը մեղավոր է ճանաչվում, ապա նրա նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ, եթե հաստատվեց, որ մեղավոր է, ու նրա հետ նման բան առաջին անգամ է տեղի ունենում, ապա կստանա նկատողություն: Եթե տարվա մեջ երկու անգամ նրա հետ նման դեպք գրանցվի, ապա կստանա խիստ նկատողություն: Նախատեսված է, որ որոշ կոպիտ խախտումների դեպքում բժիշկը կարող է զրկվել լիցենզիայից: Այժմ, սակայն, բժշկական գործունեության լիցենզիայի օրենքում փոփոխություններ են նախատեսված: Աբգարյանի խոսքով՝ այդ նորմը կարող է կիրառվել, երբ պարզ լինի, թե նոր օրենքով ինչ է հստակեցվելու։
Բժշկական էթիկայի հանձնաժողովը համարվում է հասարակական կազմակերպություն, գործունեությունը չի վերահսկվում՝ չնայած նրան, որ անդամների ընտրության մրցույթը կազմակերպում է Առողջապահության նախարարությունը։
Վերջինսի անդամները 7 են, դրանում ընդգրկված են իրավաբան, հոգեբան, գիտնական, բուժաշխատող, պացիենտի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ներկայացուցիչ և այլ մասնագետներ։ Հանձնաժողովի անդամները ունեն նաև իրենց մշտական զբաղվածության աշխատանքները։
Էթիկայի հանձնաժողովի անդամը իր գործունեությամբ անկախ է, ենթարկվում է միայն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին։
Մերի Խաչատրյան
