Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս մարտի 8-ին Կանանց միջազգային օրվա ընթացքում չօգտագործել ալկոհոլ՝ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի պատճառով, ասվում է կազմակերպության եվրոպական գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Շատերը կնշեն մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, բարձրացնելով մեկ բաժակ ալկոհոլային խմիչք՝ չնկատելով այն փաստը, որ ալկոհոլի օգտագործումը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի՝ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի հիմնական գործոնն է»,- ասվում է փաստաթղթում։
ԱՀԿ-ն կարծում է, որ ալկոհոլի և կրծքագեղձի քաղցկեղի միջև այս կապի մասին ցածր տեղեկացվածությունը հիվանդության կանխարգելման հիմնական խոչընդոտն է և կանանց առողջության համար մտահոգությունը:
«Ըստ վերջին հետազոտության՝ եվրոպական 14 երկրում կանանց միայն 21%-ն է տեղյակ ալկոհոլի օգտագործման և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի միջև կապի մասին: Տղամարդկանց մոտ իրազեկվածությունն ավելի ցածր է եղել. հարցված տղամարդկանց միայն 10%-ն է իմացել այս կապի մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Կազմակերպությունը բացատրում է, որ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ալկոհոլի օգտագործումը ազդում է էստրոգենի մակարդակի վրա, որը կարևոր դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի բազմաթիվ տեսակների զարգացման և առաջընթացի գործում։ Ալկոհոլի ազդեցությունը այս հորմոնների մակարդակի վրա կարող է մասամբ բացատրել ռիսկի աճը:
