Մեկը կողքից տեսնի՝ կասի հոգեկանը խանգարվել է խեղճի. մայրաքաղաքը գեղեցկացնող կինը

65 ամյա Մարիետա Բաբեյանին հաճախ կարելի է տեսնել մայրաքաղաքի կենտրոնում, մասնավորապես՝ Օպերայի մերձակայքում: Իր ապրած կյանքի տարիների մեկ երկրորդը նա անցկացրել է քաղաքի աղբը մաքրելով, ծաղիկներ տնկելով ու շրջապատող միջավայրն ավելի գեղեցիկ ու գունեղ դարձնելով:

Տիկին Մարիետան շուրջ 35 տարի է՝ աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում, սկզբում՝ որպես գյուղատնտես, այնուհետև՝ տեղամասի պետ, իսկ այժմ և՛ տեղամասի պետի աշխատանքն է կատարում, և՛ բույսերի տարածքային մասնագետն է Կենտրոն համայնքում, իսկ ավելի կոնկրետ՝ Օպերային հարող տարածքում:

Կոկիկ հագնված, մազերը գեղեցիկ հարդարած, կարմիր շրթներկով, ծաղիկները ձեռքին է 65-ամյա կինը ներկայացել հարցազրույցի:

Նրա առավոտը ոչ թե մի բաժակ սուրճով, այլ աշխատակիցներին ցուցում տալով է սկսվում, հողի ու ծաղիկների հետ երկխոսությամբ:

«Ամեն օր առավոտյան՝ ժամը 7:30, այստեղ եմ, տարածքով շրջում եմ, հասկանում՝ որտեղ ինչ աշխատանք պետք է արվի, քանի հոգի որ տարածք ուղարկեմ՝ աշխատանքները կազմակերպելու համար: Բաշխում եմ անում, իսկ ես պտտվում եմ անվերջ, հետևում բոլորի աշխատանքին, որ հանկարծ բացթողումներ չլինեն»,- պատմում է նա:

Վերջինս լավ չի հիշում տարեթվերն ու ասում է՝ կարող է որոշ բաներ շփոթել, սակայն մի բան չի մոռանում՝ ծնվել է 1959 թվականին բժշկի ընտանիքում: 9 տարեկանում կորցրել է հորը, 8-րդ դասարանում՝ մորը, դրանից հետո իր մասին հոգ են տարել ավագ եղբայրները, որոնց համար մինչև օրս, կնոջ խոսքով, ասես մեծ երեխա լինի:

«Ծնվել եմ Քյավառում (Գավառ) Սարուխան գյուղում, 8 դասարանից երկկողմանի ծնողազուրկ եմ դարձել, մեծ եղբայրս բերեց Երևան՝ նպատակ ունենալով, որ պետք է սովորեմ՝ բարձրագույն կրթություն ստանամ: Գրեթե 15 տարի ապրել եմ գյուղում, բայց հողին կպած չկամ, երբեք գյուղի գործ չեմ արել: Երբ այստեղի աշխատանքի առաջարկը եղավ, սկսեցի շատ սիրել բուսականությունը, ծաղիկները: Կարելի է ասել՝ կյանքս կապել եմ ծաղիկների հետ, ամբողջությամբ նվիրվել դրանց»,- ասում է զրուցակիցը:

Տիկին Մարիետան նկատում է՝ հնարավոր է՝ անցորդներն իրեն խելագարի տեղ դնել՝ պարզաբանելով՝ ինչու. «Սիրում եմ ծաղիկների հետ խոսել: Կարապի լճում, երբ Տույաներ էինք տեղադրում, տնկելուց երեխայի նման փաթաթվել, սիրել եմ ամեն մեկին, ասել՝ խնդրում եմ՝ բարով աճեք: Բույսեր դնելիս մեկը կողքից տեսնի՝ կասի հոգեկանը խանգարվել է խեղճի: Բոլորին հավասարապես սիրում եմ, բայց «լյուբիմչիկներ» էլ ունեմ, որը ավելի սիրուն է, ասում եմ՝ «վայ ես քո ցավը տանեմ», «էս ինչ լավն ես», Մարիետայի անունը բարձր է պահու»:

65-ամյա կնոջ խոսքով՝ չնայած կյանքի հարվածներին՝ երբեք չի բողոքել ու չի տրտնջացել:

«Հիմա մի քիչ կարգավորվել է, մի քանի տարի առաջ այնքան սիգարետի պաչկաներ ու պիվայի շշեր էինք մաքրում Օպերայի տարածքից, որ էլ ասելու չէ: Բանվորները հատիկ-հատիկ ամբողջ զիբիլը մաքրում են, ու, Աստված մի արասցե, եթե մեկը աչքիս առաջ աղբը գցում է գետնին, վայ նրան: Անտանելի ծանր է բանվորական աշխատանքը, երբեմն ջղայնանում եմ, անգամ՝ վեճի բռնվում»,- նկատում է նա:

Վերջինս ասում է՝ ընտանիք չի կազմել, քանի որ չի սիրել. «Այդ մեկը մի կողմ եմ դրել, զբաղվել եմ իմ հարազատներով, եղբայրներով, նրանց երեխաներով: Մանկուց եղբայրներս ինձ այնքան լավ են պահել, ես էլ «տակից դուրս եմ գալիս»»:

Խոսելով Մարտի 8-ի խորհրդի մասին՝ տիկին Մարիետան ասում է՝ հայ կինը պիտի բարոյական լինի: «Ես անգամ աշխատողի եմ հեռացրել, որ բարոյական տեսանկյունից իրեն լավ չէր դրսևորում, տնօրենին ասել եմ՝ իմ դռան պահած կատուն էլ պետք է նամուսով լինի, եթե՝ չէ՝, տնից դուրս կհանեմ: Կինը ընտանիքում և դրսում իր պարկեշտությամբ պետք է իրեն հարգել ու սիրել տա»,- ասում է նա:

Հերմինե Կարապետյան

Կիսվել սոց․ ցանցերում