Կասեցվել է Սպիտակի թիվ 1 մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում:

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես՝ խոհանոցում չեն եղել ինչպես ձեռքերի, այնպես էլ հումքի լվացման համար նախատեսված լվացարաններ՝ ապահովված տաք և սառը ջրով, խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, պահարանները, լվացարանի դռները չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել հեշտությամբ մաքրվող, անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Կիսվել սոց․ ցանցերում