Ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերն իր «Աշխարհակարգ» գրքում ուշագրավ փաստեր է ներկայացնում, որոնց մեր պետական այրերն ու քաղաքական գործիչները ծանոթանալու, սերտելու անհրաժեշտություն ունեն: Հատկապես նրանք, ովքեր անվերապահ հավատարմություն են ցուցաբերում կա’մ Արեւմուտքին, կա’մ Ռուսաստանին` շտապելով «բոլոր ձվերը դնել մի զամբյուղի մեջ »:
Ի?նչ է հիշեցնում Քիսինջերը:
«1957-1962 թթ., երբ ԽՍՀՄ-ը վերջնագրեր էր ներկայացնում Բեռլինին, ամերիկյան երկու վարչակազմեր, հատկապես Ջոն Քենեդու վարչակազմը, ազատությունը պահպանելու ցանկություն ունեցող մեկուսացված քաղաքի անունից աջակցության խնդրանքով դիմեցին Հնդկաստանին: Բայց Հնդկաստանը որդեգրեց դիրքորոշում, ըստ որի` երկրին Սառը պատերազմի մասնակից դաշինքի նորմերի պարտադրումն իրեն կզրկի գործելու ազատությունից ու դրա հետեւանքով կթուլացնի իր դիրքերը: Կարճաժամկետ հատվածում բարոյական չեզոքությունը երկարաժամկետ հատվածում վեր է ածվում բարոյական ազդեցության:
1955թ. կայացած աֆրո-ասիական ֆորումի պատվիրակներին ուղղած իր խոսքում Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուն ասել էր. «Մի?թե մենք` Ասիայի ու Աֆրիկայի երկրներս, որեւէ այլ դիրք չունենք, քան կոմունիստամետ կամ հակակոմունիստ լինելն է: Մի?թե հասել ենք մի կետի, որ աշխարհին կրոններ ու այլ բաներ պարգեւած մտքի առաջնորդները պետք է անխուսափելիորեն միանան այս կամ այն խմբին եւ կամ այս կամ այն կողմի կցորդը լինեն, կատարեն նրանց ցանկություններն ու երբեմն էլ գաղափարներ տան: Իրեն հարգող ժողովրդի ու պետության համար սա չափազանց անհարգալից ու նվաստացուցիչ է: Ինձ համար անընդունելի է մտածել, որ Ասիայի եւ Աֆրիկայի մեծ երկրները թոթափել են ստրկությունն ու ազատություն են նվաճել, որպեսզի այս կերպ ինքնակամ դեգրադացվեն կամ նվաստանան»» :
