Տասնյակ հազարավոր իսրայելցիներ շաբաթ երեկոյան բողոքի զանգվածային ակցիաների են դուրս եկել այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած կառավարության քաղաքականության և նրա կողմից իրականացվող դատական բարեփոխումների դեմ: TACC-ի թղթակիցը հայտնում է, որ ամենախոշոր ցույցը տեղի է ունեցել Թել Ավիվում, որի բնակիչների շրջանում գերակշռում են ընդդիմադիր տրամադրությունները։
Թել Ավիվում բողոքի գործողությունները, ավանդույթի համաձայն, տեղի են ունեցել քաղաքի արևելյան հատվածում՝ կառավարական շենքերի մոտ: Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ, ծածանել Իսրայելի դրոշները, պահանջել չեղարկել դատական բարեփոխումները և կոչ արել «փրկել իսրայելական ժողովրդավարությունը»:
Հանրահավաքը բացել է իսրայելցի երգչուհի Էդեն Էլենան, որն Իսրայելը ներկայացրել էր Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում։ Հանրահավաքի սկզբում նա ցուցարարների հետ կատարել է Իսրայելի պետական օրհներգը։
Արդեն 34-րդ շաբաթն անընդմեջ դատական բարեփոխումների դեմ բողոք քաղաքացիները բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում։ Իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքի տվյալներով՝ Թել Ավիվում տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 91 հազար մարդ: Սա վերջին շաբաթների ամենացածր ցուցանիշն է։ Անցած շաբաթներին բողոքի ակցիաներն այս քաղաքում հավաքում էին առնվազն 100 հազար մարդու:
