Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը սկսել է պատրաստվել առաջիկա մենամարտին:
57-ամյա Թայսոնը մարզումային տեսանյութ է հրապարակել և հայտնել. «Օր առաջին։ Խրախճանքը նոր է մեկնարկում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 57-ամյա լեգենդ Մայք Թայսոնը վերադառնում է ռինգ: Երկաթե Մայքի մրցակիցը կլինի նախկին բլոգեր Ջեյք Փոլը, ով 2020 թվականից պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա է սկսել։ Սկզբում նա մենամարտել է բլոգերների և հեռուստատեսային դեմքերի հետ, իսկ հետո՝ MMA-ի աստղերի հետ: Նա բռնցքամարտի կանոններով անցկացրած մենամարտերում հաղթել է MMA-ի մարտիկներ Բեն Ասկրենին, Թայրոն Վուդլիին, Անդերսոն Սիլվային և Նեյթ Դիասին։
Ջեյք Փոլը նաև մենամարտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ, պարտվել է Թոմի Ֆյուրիին, հաղթել Ռայան Բյուրլանդին և Անդրե Օգաստին:
Մենամարտը կայանալու է հուլիսի 20-ին Տեխասում և հեռարձակվելու է Netflix-ով։
Մայք Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո: 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ, այն ավարտելով ոչ-ոքի:
