ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին:
Ծրագրի շրջանակում իրականացվելու է հետազոտություն կրթական տարբեր մակարդակներում՝ համակարգի գնահատման և ոլորտում կարողությունների զարգացման նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են կրթական բարեփոխումների համատեքստում ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները, որոնք փորձագիտական խմբի հետազոտության և վերլուծության անհրաժեշտություն ունեն:
«Հայաստանում կրթական բոլոր մակարդակներում մեծածավալ բարեփոխումներ են ընթանում, և անհրաժեշտ է քննարկել հնարավոր ուղղությունները, որոնք հետազոտության անհրաժեշտություն ունեն: Արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով մենք կարևորում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Անդրադառնալով նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին` Արաքսիա Սվաջյանը ոլորտում առկա խնդիրներից առանձնացրել է դասավանդվող մասնագիտությունների՝ տնտեսության կարիքներին համապատասխանեցումը: Նշվել է, որ ոլորտում ներդրվել է կրթաթոշակային նոր քաղաքականություն, ըստ որի՝ 10 անգամ բարձր կրթաթոշակ է տրվում պետության կողմից սահմանված գերակա մասնագիտություններով սովորողներին:
