Կյանքից հեռացել է պրոֆեսոր Միքայել Աղաջանովը

Մահացել է պրոֆեսոր Միքայել Աղաջանովը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի էջից։

«Խորը ցավով, սրտի մեծ կսկիծով եմ հայտնում Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, շատերիս ուսուցիչ, ավագ ընկեր Միքայել Աղաջանովի մահվան մասին․․․

․․․Աղաջանովի մասին խոսելիս անհնար է չխոսել բժշկական համալսարանի պատմության մասին: Բժշկական համալսարանի, պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների տասնյակ սերունդների համար նրա ներկայությունը, բժիշկ-գիտնականի կերպարը օրինակելի էին: Նրա դեպքում տարիների իմաստությունն ու երիտասարդական ավյունը, մեծ փորձն ու աշխատասիրությունը մեկտեղվել էին: Ավագ սերնդի հարգարժան ներկայացուցիչը, բժշկագիտության նահապետն իր ներկայությամբ հատուկ մթնոլորտ էր ձևավորում ինչպես ռեկտորատի, այնպես էլ Գիտական խորհրդի նիստերում, բուհական տարատեսակ նախաձեռնություններում ու քննարկումներում, Կարգապահական հանձնաժողովում, որի ղեկավարն էր: Շատ ու շատ գործընկերների, ապագա բժիշկների համար նրա օրինակը, կենսասիրությունը վարակիչ էին:

Միխայիլ Աղաջանովն ավարտել էր բժշկական բուհը 1963 թվականին` վեց տասնամյակ առաջ, և որևէ օր չէր կորցրել կապը հարազատ կրթօջախի հետ` կրթելով սերունդներ, զարգացնելով հայրենի բժշկագիտությունը: ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի՝ երկար տարիների ղեկավարը ողջ կյանքը նվիրել էր գիտությանը, մասնավորապես՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը: Պրոֆեսորի երկարամյա գործունեությունը մշտապես բարձր էր գնահատվում թե՛ համալսարանի, թե՛ միջազգային գիտական մտքի կողմից:

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աղաջանովների ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Հանգչեք խաղաղությամբ, սիրելի Միխայիլ Իոսիֆովիչ», – գրել է Մուրադյանը:

Նշենք, որ Միքայել Աղաջանովը 1996 թվականին սպանված ԵՊԲՀ 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի հայրն է։

Իոսիֆ Աղաջանովի սպանության համար մեղադրվել են նրա համակուրսեցիները։ Նրանցից մեկը՝ Արամ Հարությունյանը, դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման և այժմ ազատության մեջ է, իսկ Մհեր Ենոքյանը դատապարտվել էր գնդակահարության, որը հետագայում փոխվել էր ցմահ ազատազրկման։

Կիսվել սոց․ ցանցերում