Մարիամ Սարգսյանի ընտանիքը 1983 թվականի ապրիլի 17-ից բնակվում է Երեւանի Հանրապետության նրբ․ տուն 10 հասցեում, այժմ նրա ընտանիքը բաղկացած է ինը հոգուց, որոնցից չորսը անչափահասներ են, մեկը՝ զինհաշմանդամ։
Lrgarogh.com-ը ամիսներ առաջ անդրադարձել է այս ընտանիքի ոդիսականին։
Այսօր Մարիամի ընտանիքը հայտնվեց փողոցում՝ անորոշ ապագայով։
««Էլիտ գրուպ» ընկերության ներկայացուցիչները դիմել են դատարան, դատարանն էլ իրենց հայցը բավարարել է, որպեսզի մեզ վտարեն տվյալ հասցեից, քանի որ սա համարվում է իրենց սեփականությունը»,- ասում է Մարիամի դուստրը՝ Հասմիկը։
Մարիամն ասում է, որ ինը հոգով մնացել են անձրեւի տակ, եւ իրենց այլ բան չի մնում, քան գնալ եւ նստել կառավարության շենքի դիմաց։
«Ոչինչ չեն խոստացել, ոչ մի փոխհատուցում, մնում է, որ գնանք, նստենք կառավարության շենքի դիմաց, երկու լիտր էլ բենզին եմ վերցրել, որ լցնեմ վրաս, այրվեմ», -հուզված ասում է Մարիամը։
Ըստ նրա՝ «Էլիտ գրուպը» փոխհատուցումը տվել է սեփականատիրոջը, որը իր տեգրն է՝ Գրիգոր Գրիգորյանը։ Գրիգորից Մարիամը ոչինչ չի պահանջում, քանի որ նա պնդում է, թե երկու հարյուր հազար դոլար պետք է տան իրեն, ինքը չի վերցրել։ «Էլիտ գրուպն» էլ, ըստ Մարիամի, պնդում է, որ նա գումար է վերցրել։
«Ես էլ պնդում եմ, որ թող առերեսում անեն, բոլորը հրաժարվում են, առերեսում չեն անում։ Ոչ մի կոպեկ, ոչ մի փոխհատուցում չեն տվել, մեկ տարեկան երեխան լաց է լինում, մեզ առաջարկում են տեղավորել խնամքի կենտրոնում»,- ասում է Մարիամը։
Վտարման ժամանակ Մարիամենց ընտանիքին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից չեն այցելել, միայն լրագրողներ են եկել, մեկ էլ՝ Երեւանի ավագանուց ընդդիմադիր ավագանիները՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից։
Թագուհի Հակոբյան
