«Հայոց պատմություն» դասագրքի, Ակադեմիական քաղաք ստեղծելու իշխանությոնների նախաձեռնությունների շուրջ գիտական, մանկավարժական, քաղաքական-հասարակական շրջանակներում բարձրացված աղմուկը վեր հանեց բազմաթիվ խնդիրներ, մտորելու առիթ տվեց բազմաթիվ հարցերի շուրջ, որոնց մասին նախկինում կա՛մ լռում էին, կա՛մ նախընտրում էին շրջանցել։
Բուհական, կրթական համակարգում ինչպիսի՞ն պետք է լինեն բարեփոխումները, Մայր բուհում՝ Երեւանի պետական համալսարանում ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում, որպեսզի շրջանավարտը հետագայում չբախվի աշխատանք որոնելու հոգեմաշ խնդիրներին։
Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանից Lragrogh.com-ը հետաքրքրվեց, թե վերանայվո՞ւմ են, արդյոք, նախկին կրթական ծրագրերն ու մոտեցումները, ի՞նչ են առաջարկում, որպեսզի ամեն մի նոր դասագիրք աղմուկ չառաջացնի, ի՞նչ չափանիշներ պետք է գործեն, որպեսզի դասագրքերը չգրեն օրվա իշխանությունների պահանջով, ինչպես եղել է նախորդ տասնամյակներում։
«Ցանկացած գիտաճյուղի, ոլորտի զարգացման համար պետք է իրականացնել համակարգված աշխատանք, ինչը հիմա փորձում ենք անել ԵՊՀ-ում։ Եթե դու ցանկանում ես արժեքավոր ինտելեկտուալ արդյունք ստանալ, պետք է աշխատես մի շարք ուղղություններով՝ վերանայես կրթական ծրագրերը, վերապատրաստես, համալրես պրոֆեսորադասախոսական կազմը, ներգարվես դասախոսներին գիտական, հետազոտական ծրագրերում, խթանես հետազոտական գործունեությունը, ընդլայնես միջազգային համագործակցությունը, որպեսզի աշխարհում օգտագործվող գիտելիքն ու մեթոդները ավելի հասանելի դառնան քեզ»,- նշեց Միքայել Հովհաննիսյանը։
Ըստ ԵՊՀ պրոռեկտորի՝ բուհում արդեն երրորդ տարին է, ինչ գործարկում են հետազոտական եւ կրթական ներքին դրամաշնորհների գործիքակազմը, որի միջոցով դասախոսներին եւ հետազոտողներին ներգրավում են իրենց հետաքրքրող հետազոտական ծրագրերում։ ԵՊՀ-ում, սրանից զատ, կարեւորում են դասախոսների վերապատրաստումը, ինչի արդյունքում տեղի է ունենում ատեստավորում, եւ աշխատավարձի բարձրացման հնարավորություն է ընձեռվում։
«Մենք ներդրել ենք ճանապարհորդական դրամաշնորհների մեխանիզմ, որը հնարավորություն է ընձեռում դասախոսներին մասնակցել միջազգային կոնֆերանսներին, տպագրվել միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում։ Այս ամենի համադրությունը հանգեցնում է նշանակալի փոփոխության»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը։
Մեր դիտարկմանը, որ որոշ մասնագիտությունների նկատմամբ նվազել է հետաքրքրությունը, եւ ԵՊՀ առանձին ֆակուլտետներ չեն համալրվում ուսանողներով, կա՞ն ֆակուլտետներ, որոնք միավորվել են կամ պետք է միավորվեն, ԵՊՀ պրոռեկտոորն արձագանքեց. «Մենք մեր կրթական ծրագրերը վերանայում ենք ոչ միայն աշխատաշուկան ուսումնասիրելով, այլեւ՝ միջազգային փորձն ուսումնասիրելով։ Մենք միավորեցինք Ֆիզիկայի եւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետները, դարձան Ֆիզիկայի ինստիտուտ։ Մենք անընդհատ մշտադիտարկում ենք կրթական ծրագրերը, համեմատական վերլուծություններ ենք կատարում աշխարհում բարձր վարկանիշ ունեցող կրթական ծրագրերի հետ»։
