Հայկականության այդ արդիական չափումը շուկա հանվեց, նախանձելի հետևողականությամբ մսխվեց ու վաճառվեց հենց ղшրшբաղցի նախագահների դուետի առաջնորդությամբ ու գործուն մասնակցությամբ

Հայոց ռուսահպատակության ձևերի մասին
Այս օրերին, հետևելով տարբեր փորձագիտական վերլուծությունների, բազմիցս լսել եմ արցախահայության ընդգծված ռուսամետության մասին: Հանդիպեցի նաև կարծիքի, թե արցախահայերն ավելի ռուսամետ չեն, քան Հայաստանի ցանկացած մարզի բնակիչներ: Իմ կարծիքով՝ խնդիրը միայնը այն չէ, որ Ղարաբաղի հայերը առնվազն խորհրդային տարիներից սկսած եղել են ավելի ռուսամետ, քան հայաստանցիները, այլ այն, որ նրանք, եթե շատ կարճ ասեմ, չեն մասնակցել «ազգային զարթոնքի» ընթացքին (1960-70-ականներին), մեծ հաշվով չեն եղել խորհրդահայ (ազգային-մշակութային) ինքնության կրողը՝ դրանից բխող բոլոր լավ ու վատ հետևանքներով:
Ես ցանկանում եմ ընդգծել հատկապես այդ ինքնության արդիական չափումը (ինչքան և ինչպես դա հնարավոր էր Խորհրդային միությունում), այն, ինչ խորհրդահայությանը դարձնում էր արդիական ազգի նման մի բան: Այսինքն, խոսքը «հայի գենի» և նման բաների մասին չէ, այլ մշակութային-գաղափարաբանական մի եզակի գոյացության, որ տարբեր հանգամանքների բերումով այդ տարիներին հնարավոր էր դարձել Խորհրդային Հայաստանում: Այն ինչ ընդհանուր առմամբ սահմանում էր հայկականությունը և ինչ-որ ձևերով դեռ տևում է մինչև օրս, քանի որ հետագա տարիներին ոչ մի այլընտրանք չի առաջարկվել:
Եվ, ճակատագրի ինչպիսի հեգնանք, հայկականության այդ արդիական չափումը շուկա հանվեց, նախանձելի հետևողականությամբ մսխվեց ու վաճառվեց հենց ղարաբաղցի նախագահների դուետի առաջնորդությամբ ու գործուն մասնակցությամբ: Մարդկանց, որ ամենայն հավանականությամբ քիչ բան գիտեին դրա մասին, հազիվ թե կարող էին հասկանալ դրա նշանակությունը:
Հայաստանցիների ու արցախցիների միջև այդ տարբերությունը, կարծում եմ, այսօր էլ չի վերացել և դրա հետ պետք է հաշվի նստել, եթե լրջորեն մտածում ենք «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների» հետ մեր հետագա գոյակցության մասին:
Կիսվել սոց․ ցանցերում