Եթե համաձայնագրի դրույթները կատարվեն, եվրաինտեգրման գործընթացն առաջ կգնա. Եղոյան

Ինչպես հայտնել ենք, Ազգային ժողովում մեկնարկել են «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումները։

Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հիշեցրեց, որ Հայաստանը 2000-ականներին մի փուլ է անցել, երբ Եվրամիությունն ապրել է իր ամենախոշոր ընդլայնումը:

«Միանգամից 10 արևելաեվրոպական պետություն դարձան ԵՄ անդամ, և այդ ժամանակ էր, որ ԵՄ-ն մեկնարկեց նախ եվրոպական հարևանության, ապա նաև՝ արևելյան գործընկերության քաղաքականությունը, և Հայաստանը երկուսին էլ մասնակից էր։ Պիտի ասեմ, որ արևելյան գործընկերության ձևաչափում բավականին ակտիվ աշխատանք է տարվել։ Հենց այս շրջանում էր, որ Հայաստանի կառավարությունը սկսեց նաև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Սրանք նոր տիպային համաձայնագրեր էին»,- նշեց Եղոյանը:

Նա հավելեց, որ թեև Հայաստանը եվրոպական կողմի գովասանքին էր արժանացել այդ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար, 2013թ. սեպտեմբերի իրադարձությունների բերումով ՀՀ-ն հրաժարվեց այս համաձայնագիրը ստորագրելուց և դարձավ Մաքսային միության անդամ։

Եղոյանը նաև հիշեցրեց, որ այդ իրադարձություններից հետո ստորագրվեց համաձայնագիր, որտեղից հանվեց ազատ առևտրի վերաբերյալ դրույթը:

«Իմ կարծիքով՝ այս համաձայնագիրը մեր հանրության մեջ, նաև՝ փորձագիտական շրջանակներում որոշակիորեն թերագնահատված համաձայնագիր է։ Նկատի ունեմ, որ գործող համաձայնագրի բոլոր դրույթներն իրականացնելու դեպքում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը մի քանի քայլ առաջ կգնա։ Սա նույն համաձայնագիրն է, որն ունեին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան՝ առանց ազատ առևտրի վերաբերյալ հատվածի»,- ասաց պատգամավորը։

Կիսվել սոց․ ցանցերում