Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում երկու հարցի շուրջ շարունակվում է անհամաձայնությունը։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որում Միրզոյանը գլխավորապես խոսում է ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի եռակողմ գագաթնաժողովի արդյունքների մասին, անդրադառնում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների մասին հարցին, և թե որքանով է խաղաղությունը մոտ։
«Մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել ենք, ցավոք սրտի, երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։ Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քանիցս պայմանավորվել են, որ սահմանազատումը տեղի է ունենալու համաձայն 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի, որը ենթադրում է ԽՍՀՄ փլուզման պահին երկու երկրների միջև առկա սահմանի վերարտադրություն գետնի վրա։
«Երբ մենք փորձում ենք պայմանագրի նախագծում այս պայմանավորվածությանը՝ Ալմա-Աթայի հռրակագրին հղում անել՝ տարածքային ամբողջականության և սահմանազատման կոնտեքստում, մենք տեսում ենք Ադրբեջանի դժկամությունը։ Հուսամ՝ առաջիկայում կկարողաանանք ավելի ամուր փոխըմբռնում ձեռք բերել այս հարցում»,- ասել է նախարարը։
Երկրորդ առանցքային անհամաձայնությունը, ըստ Միրզոյանի, կապված է ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ։ Նա նշել է, որ Հայաստանը օր առաջ պատրաստ է ստորագրել ենթակառուցվածքներն ապաշրջաափակող հայտարարություն, նախագիծ։
Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանը պատկերացնում է, որ Հայաստանի տարածք ելումուտ անելիս սահմանահատման որևէ ընթաացակարգ չպետք է պահպանվի, «ապա մենք շատ հեռու ենք փոխհամաձայնությունից»։
«Մենք իհարկե պատրաստ ենք պարզեցնել եղած ընթացակարգերը […], բայց հանդուրժել, որ երրորդ երկրների ուժեր կկանգնեն ճանապարհի կամ երկաթուղու երկայնքով կամ որևէ մեկը Հայաստան կմտնի կամ դուրս կգա առանց ամենապարզ անձնագրային և մաքսային հսկողության և ընթացակարգերի, դա անթույլատրելի է և չի կարող ընդունվել մեր կողմից»։
Անդրադառնալով ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման արձագանքներին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ դա Ռուսաստանի դեմ է և ուղղված է ընդհուպ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելուն, Միրզոյանը պատասխանել է․
«Չեմ ուզում մեկնաբանել արձագանքները։ Այս միջոցառումը Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունների մասին է, Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սատարելու, Հայաստանի տնտեսական հնարավորություններին սատարելու մասին է։ Սա ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։ Եվ արդյունքներն էլ ցույց են տալիս, որ այնտեղ որևէ երրորդ կողմի դեմ որևէ տարր չկա»։
Հաղորդավարի դիտարկմանը, թե Լավրովն ասում, որ Հայաստանը մտացածին պատրվակով գործը տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզմանը, և Հայաստանը չի հիշատակում այն փաստը, որ հենց ՀԱՊԿ-ն է ծանր իրավիճակներում բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը, Միրզոյանն ասել է, թե իր «ռուսաստանցի գործընկերը շարունակաբար, հղում անելով Պրահայի քառակողմ հայտարարությանը և նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում տեղի ուենցած առանձին դրվագների, հնչեցնում է մեղադրանքներ»։
«Ես ուզում եմ շարադրել դեպքերի պարզ հաջորդականությունը։ Շատ պարզ։ 2020-ի օգոստոս՝ Ռուսաստանը անում է միջնորդական առաջարկ՝ համաձայն որի, ի թիվս այլ դրույթների, կա դրույթ այն մասին, որ ԼՂ կարգավիճակի քննարկումը հետաձգվում է անորոշ ժամանակով։ ՀՀ-ն հայտնում է իր համաձայնությունը, Ադրբեջանը մերժում է այս առաջարկը օգոստոսի վերջին և սեպտերմբերի 13-ին հարձակվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ ՀՀ-ն, համաձայն սահմանված ընթացակարգերի, դիմում է իր դաշնակիցներին, դիմում է այն ռազմաքաղաքական ալյանսին, որի անդամ է ինքը՝ ՀԱՊԿ-ին, և աջակցություն խնդրում։ Եթե խտացնեմ պատասխանը մեկ նախադասության մեջ, մի փոքր էլ պատկերավոր ասեմ՝ ի պատասխան մենք լսում ենք, որ՝ հարգելի գործընկերներ, մենք շատ վստահ չենք, մենք չունենք պատկերացում այն մասին, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը, որն է Հայաստանի սահմանը, սահմանը սահմանազատված չէ, հետևաբար՝ մենք չգիտենք՝ հարձակում ՀՀ-ի վրա եղել է, թե ոչ։ Սա այն պարագայում, երբ մենք ակնկալում էինք շատ պարզ բան՝ նախ արձաանագրում, որ եղել է հարձակում Հայաստանի վրա, ապա քաղաքական-դիվանագիտական ջանքեր իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ։ Մենք մեր դաշինքից ակնկալածը չենք ստացել։ Եվ բնական է, որ դրանից հետո խնդիր ենք դրել մեր առջև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, և այդ սահմանը միջազգայնորեն ճանաչված սահման է։ […] Արդեն հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ։ Եվ ահա Պրահայի հանդիպման արդյունքում եղավ քառակողմ հայտարարություն, կողմերը վերահաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն և պայմանավորվեցին, որ այս հռչակագիրը պետք է ընկած լինի երկու երկրների միջև սահմանի հետագա սահմանազատման հիմքում։ Այսինքն՝ այստեղ շատ մեկնաբանությունների տեղ էլ չկա։ Դեպքերի պատճառահետևանքային կապերը և հաջորդականությունը ինքնին շատ խոսուն են։ Վերլուծության տեղ էլ չկա՝ օգոստոսին առաջարկ – Հայաստանի համաձայնություն – Ադրբեջանի մերժում – հարձաակում Հայաստանի վրա – Հայաստանի դիմում ՀԱՊԿ-ին – Հայաստաին տրված պատասխան ՀԱՊԿ-ից և Պրահայի հայտարարություն։ Շատ պարզ է ամեն ինչ»։
Միրզոյանը նշել է, որ եթե սահմանը սահմանազատված չէ, չի նշանակում, որ սահման չկա․ «Նույնիսկ ձևակերպման մեջ կա՝ սահմանի սահմանազատում։ Այսինքն՝ սահմանը կա, որը սահմանազատում են։ Հայաստանը և Ադրբեջանը ունեն պետական սահման, նրանք այդ սահմանը ճանաչել են դեռ 1991-ին՝ ի թիվս խորհրդային նախկին այլ 11 հանրապետությունների, և պայմանավորվել են, որ նախկին խորհրդային վարչական սահմանները ճանաչվում են որպես պետությունների միջև սահման»։
