Մարդու ամուր հավատքն անբաժան է աղոթքից։ Սուրբ Հայրերը ասում են, թե երկարամյա աղոթքի փորձառությունը միանշանակորեն Աստվածային սեր,ուրախություն և խաղաղություն է ծնում անձի հոգում։Երբ մաքրում ես սիրտդ,այն լցվում է Աստվածային լույսով և խնդությամբ։Ուրախ մարդու համար որևէ բան դժվար չէ, որովհետև նա լեցուն է սիրով։ Իսկ սերը ուժ է,զորություն, որ թույլ չի տալիս մարդու հոգուն սեղմվել, ընկճվել ու սպառվել։Աղոթքի Աստվածային զորությունը հեղվում է այն անհատի վրա,ով իր սիրտը մաքրում է չարից և այս աշխարհի հոգսերը արժևորելուց։ Մենք ուզում ենք հասկանալ,զգալ աղոթքի դերն ու նշանակությունը մեր կյանքում, բայց մխրճված ենք աշխարհի հոգսերի մեջ, և մեր աղոթքը չի տարբերվում հոգսաշատ կյանքի ապրումներից, որովհետև մենք ոչ թե երկնային գանձերն ենք փափագում այլ աղոթքի միջոցով փորձում ենք ալեծուփ աշխարհի մեջ ավելի մխրճվել և դրան ավելի կապված լինել։ Ահա թե ինչու երբեմն մեր աղոթքը թվում է վերացական,անհասկանալի անհաղորդ,ձանձրալի։ Պետք է ազատվել այդ վիճակից և հոգևոր արթնություն ապրել և ընկալել աղոթքի նշանակությունը մեր կյանքում։ Ինքնուրույն չենք կարող դրան հասնել,այլ Սուրբ Հոգու հաղորդակցությունն է անհրաժեշտ, որպեսզի ՆԱ գործի մեր սրտում։ Քանի դեռ մեր միտքը,կամքը ու զգացմունքն ուղղել ենք առ ԱՍՏՎԱԾ,այս աշխարհի աղմուկն ու խնդիրները չեն կարող տիրապետել մեզ և
խառնել մեր հոգին։ Որքան մեր հոգին խոնարհություն է ձեռք բերել, այնքան մեր առջև բացվում են Երկնային խորհուրդները։Աղոթքի մեջ շատ կարևոր է ուշադրությունը։Առանց ուշադրության աղոթքը հոգևոր պտուղներ չի տալիս։Ցրված մտքով աղոթքը անիմաստ և անարդյուք է։ Դրա համար երբ աղոթում եք, ձեր միտքը կենտրոնացրեք աղոթքի վրա,մի շտապեք և ամեն ձեր բառը ասեք ուշադրությամբ և խոնարհությամբ։ Սովորեք ճիշտ աղոթել,ուշադիր ասելով և հասկանալով ամեն մի բառը,հույսներդ դրեք ԱՍՏԾՈ վրա,օգնություն խնդրեք ՆՐԱՆԻՑ, որ օգնի ձեզ սովորեք ճիշտ աղոթել.ՏԵՐ ԱՍՏՎԱԾ, ԴՈՒ իմ ԼՈՒՅՍՆ ԵՍ ԼՈՒՍԱՎՈՐԻ ինձ,ՕԳՆԻՐ ինձ ԱՂՈԹԵԼ ՍՈՎՈՐԵՄ։ ԱՄԵՆ
