Իսրшյելը մտադիր է «ցավալի ազդանշան» ուղարկել Իրшնին՝ հшրձակմանն ի պատասխան. FT

Իսրայելը չի ցանկանում բավարարվել մակերեսային հարվածներով՝ ի պատասխան Իրանի կողմից վերջին զանգվածային հարձակման: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային։ «Մտադրությունը Իրանին ցավալի ուղերձ հղելն է։ Սա մակերեսային բան չի կարող լինել»,- զրուցակցի խոսքերն է մեջբերում պարբերականը։ Աղբյուրը նաև հավելել է, որ հրեական պետության պատասխանը պետք է մոտենա Թեհրանի հարձակման մասշտաբներին։ Նշվում է, որ Իսրայելի ռազմական կաբինետն ապրիլի 16-ին կհանդիպի երրորդ անընդմեջ նիստի համար, որի ընթացքում կքննարկվի Իրանի գործողություններին հնարավոր ռազմական պատասխանը։ Ապրիլի 13-ի երեկոյան Իրանն անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ դա որակելով որպես պատասխան «բազմաթիվ հանցագործությունների», այդ թվում՝ Իսրայելին վերագրվող Դամասկոսում Իրանի հյուպատոսությանի վրա հարձակման: Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի վրա հարձակումների թիրախ են դարձել ռազմական օբյեկտները: Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ նրանք որսացել են հրեական պետության ուղղությամբ թռչող իրանական մոտ 350 արկերի 99%-ը, իսկ Նևաթիմ ավիաբազային հասցվել է փոքր վնաս։

Կիսվել սոց․ ցանցերում