Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնն արգելել է ռուսական «Տիմոշա» ընկերության հալվաների ներկրումն ու վաճառքը Հայաստանի տարածքում: Ինչպես հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից, նման որոշման պատճառը նշված ապրանքատեսակների` անվտանգության չափանիշներին անահամապատասխանությունն է:
«Նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին», – ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագորության մեջ:
Խախտումը հայտնաբերելուց հետո տեսչական մարմնը տվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։
Ըստ հաղորդագրության՝ ապրանք ներմուծող ընկերությունը «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ն է, որը փոխկապակցված է ՊԵԿ նախկին նախագահ և ապօրինի հարստացման գործով անցնող Գագիկ Խաչատրյանի հետ:
Հաշվի առնելով այն, որ արգելված ապրանքի ետկանչի համար կպահանջվի որոշակի ժամանակ, ՍԱՏՄ-ն հորդորում է սպառողներին «չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին»:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հիշատակված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Հատկանշական է, որ Հայաստանում ռուսական ծագման արտադրանքի վաճառքն արգելվում է հայ-ռուսական լարված հարաբերությունների փուլում: Մինչ այս Ռուսաստանը մի քանի անգամ արգելել է հայկական արտադրության տարբեր ապրանքների ներմուծումը:
Օրեր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ԱԺ ամբիոնից կոչ էր արել դիտարկել ՌԴ-ից կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը՝ ի պատասխան ռուսական կողմի նմանատիպ գործողությունների:
