Լրագրողներին իրենց պարտականությունները կատարելու համար կալանավորելը բացարձակապես անընդունելի է։ Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանն ասել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ նախկին զեկուցող, ԶԼՄ-ների ազատության հարցով զեկուցող, ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննակը։ «Եթե նրանք մտածում են, որ նավթ ու գազ վաճառելով՝ ամեն ինչ կարելի է վտանգել, ապա սխալվում են։ Ադրբեջանն արդեն բազմաթիվ միջազգային ազդակներ է ստացել այդ կապակցությամբ»,- նշել է նա։ Հարցին՝ ինչպես գնահատել այն փաստը, որ ձերբակալվում են ոչ միայն լրագրողներ, այլ նաև հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպիսիք են տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն և մեդիա փորձագետ Ալեսքեր Մամեդլին, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն, սակայն իշխանություններն անտեսում են նրանց ազատ արձակելու կոչերը, Շեննակը պատասխանել է, Եվրոպայի խորհուրդը և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ պնդում են նրանց ազատ արձակման հարցում։ «Շուտով մենք կունենանք նոր գլխավոր քարտուղար, և այդ պահանջները կուժեղանան։ Իշխանությունները պետք է հասկանան, որ այս հարցը պետք է լուծվի»,- նշել է նա։ Ապրիլի 15-ից մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին առաջին անգամ Ադրբեջանը չի մասնակցում։ Ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։ Անդրադառնալով այս հարցին՝ ԵԽԽՎ պատգամավորն ասել է, որ Ադրբեջանը պետք է գործի այնպես, ինչպես վայել է Եվրախորհրդի անդամին։ «Ըստ ընդունված որոշման՝ հարցը կարող է վերանայվել, եթե Ադրբեջանը կատարի Եվրախորհրդի որոշակի որոշումները»,- ընդգծել է Շեննակը։ Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող շուրջ երկու տասնյակ լրագրողներ։ Խուզարկություններ են իրականացվել Abzas Media-ի, Toplum TV-ի գրասենյակներում և որոշ լրագրողների բնակարաններում։ Միջազգային կառույցները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումներն ու լրագրողներին ազատ արձակել։ Էմմա Չոբանյան
Եթե մտածում են՝ նավթ և գազ վաճառելով ամեն ինչ կարելի է վտանգել, սխալվում են․ ԵԽԽՎ պատգամավորը՝ Ադрբեջшնի իշխանություններին
