ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշման փոփոխության վերաբերյալ իր դիտարկումներով՝ նրա ընդդիմադիր գործունեությունից մինչև երկրի կառավարման ներկա շրջանը։
Լավրովը հայտարարել է, թե ընդդիմության ժամանակ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում էր «Ելք» կարգախոսով շարժումը՝ ուղղված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալուն։
Այս շարժումը, Լավրովի խոսքով, կապեր ուներ Սորոսի հիմնադրամի հետ։ Փաշինյանը, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, հենց այս շրջանում կարողացավ բնակչությանը մոբիլիզացնել՝ մասնակցելու իշխանափոխության բողոքի ցույցերին:
Էքստազի մեջ պատմելով, ներկայացնելով այս ամենը, Լավրովը նշել է, թե վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը միանշանակ աջակցել է Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին՝ ընդգծելով դրանց կարևորությունը տնտեսական զարգացման և Հարավային Կովկասում Հայաստանի մեկուսացումը կանխելու համար։
«Ես շատ լավ հիշում եմ, որ Վլադիմիր Պուտինը մեկ անգամ չէ, որ հանդիպել է նրա հետ՝ ամեն կերպ ընդգծելով, որ մենք առաջնորդվելու ենք ոչ թե նախկինում եղած փորձով, այլ նրանով, թե կոնկրետ ինչպես է Հայաստանի ղեկավարությունը կառուցելու հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀԱՊԿ-ը և Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար հիմնարար կառույցներ են»,- նշել է ՌԴ գլխավոր դիցանագետը:
Նա հավելել է, որ այս ընթացքում՝ մինչև 2020 թվականին Ադրբեջանի հետ հակամարտության սրումը, Ռուսաստանը ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդության և աջակցության մեջ։
Ըստ Լավրոցի, 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ժամանակ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին՝ աջակցության համար՝ ընդգծելով Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների և ՀԱՊԿ-ին անդամակցության կարևորությունը։
«Ի պատասխան՝ ՌԴ նախագահը զգալի ջանքեր գործադրեց՝ ցերեկ ու գիշեր աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածության հասնելու համար»,- ընդգծել է Լավրովը։
Նրա խոսքով՝ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանների սահմանազատման, տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային ուղիների բացման և հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ՝ այս գործընթացներում Ռուսաստանի ակտիվ դերակատարության շնորհիվ։
«Միաժամանակ Եվրամիությունն ակտիվացրել է Հայաստանին և Ադրբեջանին իր ազդեցության ուղեծիր բերելու ջանքերը, ինչի հետ համաձայնել է Փաշինյանը՝ նախընտրելով աշխատել ԵՄ-ի և ԱՄՆ-ի շրջանակներում։ Արդյունքում սա հարված հասցրեց Ռուսաստանում նախատեսված հանդիպումներին»,-հավելել է Լավրովը:
Նա կարևորել է 2022 թվականի առանցքային պահը, որը տեղի ունեցավ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Մակրոնի նախաձեռնած գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճանաչել են Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Իրավիճակի յուրահատկությունը, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, այն էր, որ Ռուսաստանը նախապես տեղեկացված չէր այս որոշման մասին, ինչը զարմանք ու հարցեր առաջացրեց հայկական կողմի գործողությունների վերաբերյալ։
«Երբ ինքը ստորագրեց, որ այդտարածքը Ադրբեջանի մաս է, կարգավիճակի հարցը վերացավ, իսկ երբ մարդիկ սկսեցին լքել Ղարաբաղը, Նիկոլ Փաշինյանը հարցրեց Վլադիմիր Պուտինին, թե ինչու՞ վերջինս թողեց ԼՂ բնակչությանը: Պատասխանն այսպիսին էր. «Կներեք ի սեր Աստծո, դուք որոշեցիք, որ նրանք հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության»,- հավելել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ ինքը խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ, երբ եղել է Երևանում տարբեր հանդիպումների, և իրեն թվացել է, որ ՀՀ վարչապետը դեռ հասկանում է Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները շարունակելու, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության կարևորությունը:
Այսօր, չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա պատմական և բարեկամական կապերին, հայաստանյան քաղաքական դիսկուրսում տեղաշարժ կա դեպի Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդում, ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Իրերի այս վիճակը մտահոգություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ, ըստ Լավրովի յուրատեսակ պատկերացումների, այն չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին և ռուս-հայկական հարաբերություններին։
