Ա դ րբեջանը փոխում հռետորաբանությունը

Ադրբեջանը փոխում հռետորաբանությունը

Ակնհայտ է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ինչ-որ բան է փոխվել: Բաքուն վերջին շրջանում փոխել է հռետորաբանությունը և ծաղրական ու վիրավորական հայտարարություններ է թույլ տալիս մեր հասցեին:

Կարծում եմ, որ կա երկու հիմնական պահ, որ նոր իրավիճակ է ստեղծել.

ա/ Հայաստանը նախապես խոոստացել կամ հասկացնել է տվել, որ Սահմանադրությունից Անկախության Հռչակագրին հղումը հանվելու է, սակայն ընտրությունների արդյունքները թույլ չեն տալիս դա անել առնվազն արագացված եղանակով, ինչպես կուզենային Բաքվում.

բ/ Ռուսաստանը չի հաշտվում ԹՐԻՓՓ-ի և մասնավորապես Հայաստան-Իրան սահմանում իր 200 տարվա ներկայության կորստի հետ, որով խափանվում կամ հետաձգվում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի անխափան, անխոչընդոտ կապը:

Այսօր, երբ Ադրբեջանը բացահայտ կերպով լարում է իրավիճակը, կարծում եմ, մենք պետք է առավել խոհեմ գտնվենք և չտրվենք հակառակորդի օրակարգին:

Ինչ ՉՊԵՏՔ է անենք:

ա/ Մեր իշխանությունները պետք է շարունակեն զուսպ լինել և չօգտագործեն բառապաշար, որոնք Ադրբեջանին հնարավորություն կտան էլ ավելի սրել իրավիճակը և դա անել արդեն գետնի վրա: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի բառապաշարը, կարծում եմ, ճիշտ ընտրված էր, ինչքան էլ մեր ընդդիմությունը քննադատեր նրան,

բ/ Մեր ընդդիմությունը պետք է գիտակցի, որ վատից վատ էլ է լինում և թույլ չտա քայլեր, որոնք ներքաղաքական իմաստով դժվար դրության մեջ կդնեն մեր իշխանություններին, ինչպես նաև՝ Ադրբեջանի բերանին նոր լեզու կդնեն,

գ/ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում պետք է տարվեն լուրջ աշխատանքներ: Կովկասից ռուսների ոտքը կտրելու մանկամիտ պրոպագանդան չպետք է կուրացնի մեզ, ընդհանրապես պետք է լուրջ վերաբերվել Մոսկվայի կողմից հնչող սպառնալիքներին:

Ես միշտ եմ պատմությունից զուգահեռներ բերում, ինչը հաճախ ճիշտ չի ընկալվում, բայց այսօր պիտի ևս մեկ ճակատագրական զուգահեռ բերեմ:

1920 թվականին Հայաստանի օրվա իշխանությունը՝ ՀՅԴ Բյուրո-կառավարությունը վարչապետ Համո Օհանջանյանի գլխավորությամբ մեր երկրի ապագան ամբողջովին կապել էր ԱՄՆ-ի ու եվրոպական դաշնակիցների հետ՝ անտեսելով Ռուսաստանն ու ռուսական վտանգը:

Նույն ճակատագրական սխալը կրկնելու իրավունքը չունենք:

Մենք չունենք այլ Ռուսաստան: Կա մեկ Ռուսաստան, որի հետ աշխատել է պետք:

Թ. Հ.

Կիսվել սոց․ ցանցերում