Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն Բյուրակն գյուղի քարհանքում վարձակալել է 3,9 հեկտար տարածք, սակայն արդյունահանում է իրականացնում վարձակալած տարածքից դուրս:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկութունը ստուգելու նպատակով ապրիլի 12-ին առավոտյան իրավապաները մեկնել են քարհանք: Վարձակալած 3,9 հեկտարից դուրս տարածքում հայտնաբերվել են թրթուրավոր էքսկավատոր, վերամբարձ ավտոկռունկ և մեծաբեկոր տուֆ քարով բարձած բեռնատար:

Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի արդյունահանմամբ պատճառված վնասի չափը պարզվում է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Անիի բաժնի քրեական հետախույզների՝ նմանատիպ տեղեկութունը ստացվել էր ապրիլի 15-ին: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայկաձոր գյուղի հանքում վարձակալած մոտ 11 հեկտար տարածքից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում նույնպես, առանց թույլտվության, իրականացրել է արդյունահանում:

Հարցմանն ի պատասխան` Անիի համայնքապետարանից հայտնել են, որ ընկերության վարձակալածից դուրս գտնվող տարածքը արոտավայրեր և վարելահողեր են: Ուսումնասիրմամբ պարզվել է, որ առանց գործառնական նշանակության փոփոխման ընկերությունը ապօրինի արդյունահանում է իրականացրել գյուղնշանակության հողատարածքներում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

Կիսվել սոց․ ցանցերում