Արցшխի նախագահը հավաստիացրել է, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լшչինի միջանցքի բացման հարցը

Ցույց Ստեփանակերտում, 28 օգոստոս, 2023 թ․։ Լուսանկարը՝ Հասմիկ Խաչատրյանի։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ քննարկվում է միայն մեկ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման հարցը։

«Անկախ ամեն ինչից՝ ճանապարհի հարցը պիտի լուծվի: Մինչև այսօր սպասել ենք, հավատացել ենք՝ Պոտինին էլ ենք հավատացել, Բայդենին էլ ենք հավատացել, Մակրոնին ու Հայաստանին իշխանությանն էլ ենք հավատացել… Բայց մեզ թողել են պատանդի կարգավիճակում»,- Արցախի Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության առաջ հայտարարել է Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ Արցախում ստեղծված հումանիտար խնդիրը շուտով կկարգավորվի:

Նրա խոսքով՝ Արցախում ամեն երրորդ մահի պատճառն արդեն թերսնումն է․ «Սով, ամեն ինչի պակաս, հղիները ստեղծված իրավիճակի հետևանքով կորցնում են երեխաներին: Հասել ենք այս վիճակին, որովհետև հավատացել ենք բոլորին՝ գերտերություններին, ՄԱԿ-ին»,- նշել է Հարությունյանը:

Արցախի նախագահն ընդգծեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան Արցախի քաղաքական ուժերն Ազգային ժողովում շուրջ 6 ժամ հրատապ քննարկում են ունեցել, սակայն միասնական որոշում չեն կայացրել: Որպես երկրի նախագահ՝ ինքն այս պահին պարտավոր է որոշում կայացնել, այլ հարց է, որ այն կարող է չընդունվել ժողովրդի կողմից. «Շատ կարճ ժամանակահատվածում՝ մի քանի օրվա ընթացքում, պետք է լուծենք մեր հացի խնդիրը, հումանիտար խնդիրը»:

Հանրության վրդովմունքին, որ իրենց պայքարը հացի խնդիր չէ, այլ` հայրենի հողում ապրելու և ապագան կառուցելու խնդիր, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Մենք մենակ ենք։ Մենք ընկերներ և աջակցություն չունենք։ Բոլոր հարցերը ձեզ հետ միասին կլուծենք»:

Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում 3 երիտասարդների առևանգումից հետո Ստեփանակերտում տեղի է ունեցել բազմամարդ ինքնաբուխ հանրահավաք: Ելնելով իրավիճակից՝ Արցախի քաղաքական ուժերն Ազգային ժողովում հրատապ ընդլայնված խորհրդակցություն են անցկացրել, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։ Շուրջ 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո՝ կեսգիշերն անց, ԱԺ շենքի առջև հավաքված ժողովրդին մտահոգող հարցերին պատասխանել է երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Կիսվել սոց․ ցանցերում