Ս/թ մայիսի 6-8-ը Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) 25-ամյակին նվիրված գիտաժողով, որի հիմնական թեման է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ»։ Միջճյուղային և բազմաճյուղային գիտությունները ներկայումս գիտության զարգացման հիմնական միտումն են հանդիսանում։ Այստեղ առավել կարևոր դեր է խաղում աստղագիտությունը, որը կարելի է համարել միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների առաջատար։ Ի դեպ, նման թեմայի շուրջ գիտաժողով աստղադիտարանը կազմակերպել է դեռևս 2014թ-ին։ Գիտաժողովին հիմնական թեմայից զատ կքննարկվեն նաև այնպիսի թեմաներ, ինչպես՝ Արեգակն ու Արեգակնային համակարգը, աստղերն ու միգամածությունները, աստղաինֆորմատիկան և վիրտուալ աստղադիտարանները, Հայաստանի աստղագիտական ժառանգությունը, աստղագիտական կրթությունը, աստղատուրիզմը և աստղալրագրությունը և այլն։
Ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://www.bao.am/meetings/meetings/ARAS25/programme.html Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչներն են Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ), Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը (ՀԱԿԱ ԱԶՏԳ) և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն։
