Մերժվածներն են թաքնված Բագրատ սրբազանի հետևում

Վաղամեռիկ  քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի հոդվածները, վերլուծությունները շատերն են հիշում եւ մեջբերում: Հատկապես` արցախյան երկրորդ պատերազմից հետո, որի անխուսափելիությունը Տիգրանը կանխատեսել էր  դեռեւս անցյալ դարի 90-ականներին:
Թե ինչ հետեւանքներ էր  ունենալու Արցախի նախագահի պաշտոնը թողած եւ Հայաստանի վարչապետ, այնուհետեւ` Նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը թե’ Հայաստանի, թե’ Արցախի համար, այդ մասին էլ էր նա կանխատեսել անվրեպ:

Այս օրերին Տավուշում կատարվող իրադարձություններին հետեւելիս դժվար չէ պատկերացնելը, թե ովքեր են կրակից փորձում շագանակներ հանել:

ՙՔոչարյանը պետք է հեռանա, որովհետեւ հայ ժողովրդին իրական առաջնորդ է պետք, Հայաստանին` իմաստուն իշխանություն: Քոչարյանը պետք է հեռանա եւ իր հետ անվերադարձ անցյալի գիրկը տանի հերոստրատիզմն իբրեւ հայրենասիրության մեջ ինքնաարտահայտման ինստիտուտ: Քոչարյանը պետք է հեռանա, եւ այդ դեպքում  Տավուշն ու Սյունիքն ավերակ չեն դառնա, իսկ Մինգեչաուր-Քուր  սահմանագիծը Ադրբեջանի հետ կհաստատվի առանց հայկական կողմի ցավալի զոհաբերությունների՚,-գրել է Տիգրան Հայրապետյանը 1998թ.:

Քոչարյանը ոչ միայն չհեռացավ, այլեւ տասը տարի պաշտոնավարեց, հեռացավ միայն Մարտի 1-ին Երեւանի կենտրոնում տասն հոգու գնդակահարելուց հետո:

Հիմա էլ նա ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել իր պաշտոնավարման ընթացքում գործած քաղաքական բազմաթիվ սպանությունների, ապօրինի հարստանալու, Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստը դարձնելու համար, այլեւ ակտիվ դերակատարում է ստանձնել իր խմբակցության միջոցով ոչ միայն Ազգային ժողովում, այլեւ` փողոցում:

Ովքե?ր են 2020թ. պատերազմից հետո փողոցներն ընկած իշխանափոխություն պահանջում.  Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համախոհներն ու նրանց հովանու ներքո գործող լրատվամիջոցներն ու ՀԿ-ները, որոնք երկու տասնամյակ շարունակ ոչ թե խաղաղություն են քարոզել, այլ ոչ մի թիզ հողականություն:

Տավուշը հիմա դարձել է նման հայրենասերների վերջին հանգրվանը, որտեղ նրանք վերջին շրջանում ակցիաներ են իրականացնում` թաքնվելով Բագրատ Սրբազանի անվան ներքո եւ նրան կարգելով որպես առաջնորդ:

Հետին թվով հայրենասերներ են դարձել եւ անհնազանդության կոչեր են անում  Հանրապետական կուսակցության անդամները, Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը, Երեւանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը, մի քանի տարի հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, այլք:

Բանան ներմուծող ՙՔեթրին գրուպ՚-ի հիմնադիր, ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն, օրինակ,  2019 թվականից հետախուզվում է, նա ՌԴ-ում էր,  նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Նա ձերբակալվել է ՌԴ-ում, որից հետո էլ  քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից:   Այդ երկրի գլխավոր դատախազությունը մերժել էր նրան արտահանձնելու ՀՀ-ի դիմումը: Հիմա այս անձը հայտնվել է  ՙփրկիչների՚ շարքում:

Ինչպե?ս են այս մարդիկ, որոնց վրա Ռուսաստանի իշխանությունները բազմաթիվ կոմպրոմատներ ունեն, պատկերացնում Հայաստանի ապագան, ի?նչ լուծումներ են առաջարկում` բացի ինքնանպատակ իշխանափոխությունից: Չէ, սխալվեցի, ինքնանպատակ չէ:  Իրենք հստակ նպատակ ունեն` Հայաստանը մտցնել Միութենական պետություն, որի հետեւանքով կկորցնենք ոչ միայն տարածքներ, այլեւ` ինքնիշխանության վերջին փշրանքները եւ ոտքի կանգնելու, նորմալ երկիր դառնալու շանսը:

 

Աղբյուրը՝

https://www.facebook.com/profile.php?id=100090548666486

 

 

Կիսվել սոց․ ցանցերում